Բիթքոինը, որն  էլեկտրոնային արժույթ է, շարունակում է ժամանակի հետ լայն տարածում գտնել աշխարհում և գնալով՝ արժույթի այս տեսակով ավելի շատ ֆինանսական գործարքներ են տեղի ունենում՝ չնայած հանգամանքին, որ այն նոր մոտեցում է և նոր է սկսել զարգանալ որպես արժութային համակարգ:

Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ֆինանսական շուկաների մասնագետ Նարեկ Զաքարյանը՝ նշելով, որ Հայաստանը, որպես զարգացող երկիր, չէր կարող անմասն մնալ, ոստի մեր երկրում ևս սկսել են ակտիվ զբաղվել բիթքոին և բլոկչեին տեխնոլոգիաներով:

 

«Թեև այն մեր երկիր նոր է մուտք գործել, սակայն արդեն կան սուպերմարկետներ, որոնք առևտուր են անում այս արժույթով»,-ասաց Զաքարյանը:

Խոսելով  այս ֆինանսական տեխնոլոգիայի առավելությունների մասին՝ Նարեկ Զաքարյանը նկատեց, որ այս տեխնոլոգիաներն աչքի են ընկնում իրենց արագությամբ և զարգացման միտումներով. «Բիթքոին և բլոկչեին տեխնոլոգիաների առավելությունն արագությունն է. բոլորիս է հայտնի, թե բանկային փոխանցումները որքան ժամանակ են խլում մեր կյանքից: Որպես առավելություն՝ կարող եմ ընդգծել նաև փոխանցումների համար պահվող շատ ցածր միջնորդավճարները, ինչը բանկային համակարգում շատ բարձր է: Մյուս առավելությունն այն է, որ առքուվաճառքի մեջ միջնորդ չկա»,-ասաց Զաքարյանը:

Խնդիրների մասին խոսելով՝ Զաքարյանն առանձնացրեց մայնինգի՝ սեփական վիրտուալ դրամապանակի և կրիպտոարժույթ ստանալու համար հզոր համակարգիչների օգտագործած էներգիայի բարձր սակագինը. «Եթե այս արժույթով հետաքրքրվողները կարողանան ավելի էժան հոսանքով մայնինգ անել, դա կնպաստի այս ոլորտի զարգացմանը»,-ասաց Զաքարյանը:

Նարեկ Զաքարյանը դրական գնահատեց Հայատանում կրիպտոարժույթի արտադրության զարգացման համար  «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի՝  երկու միլիարդ դոլարի ներդրում անելու որոշումը և ընդգծեց՝ եթե ներդրողը հոգա, որ մայնինգի՝ էլեկտրոնային փողի թողարկման համար հոսանքի շատ ցածր սակագին վճարեն՝ այս որոտում մեր երկրում բազմաթիվ մասնագետներ աշխատանք կունենան,  կսկսեն  ավելի շատ արժույթ արտադրել՝ ունենալով ավելի շատ բիթքոիններ, որով էլ կկարողանան բազմաթիվ օնլայն ֆինանսական գործարքներ կատարել: