«Հանուն Հայաստան Պետության» ճակատի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև ձեռք է բերվել համագործակցելու վերջնական պայմանավորվածություն: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Արմեն Մարտիրոսյանն անցած շաբաթ հայտարարել էր, որ ճակատի անդամներ Կարապետ Ռուբինյանը, Պետրոս Մակեյանը և Վոլոդյա Ավետիսյանը հանդիպել են Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի հետ և կարծես թե վերջնական պայմանավորվածություն ձեռք է բերվել. նրանք համատեղ կպայքարեն: Մինչ «Իմ Քայլը» նախաձեռնությունը սկսելը, խոսելով «Հանուն Հայաստան Պետության» ճակատի հետ համագործակցության մասին` Փաշինյանը հայտարարել է, որ իրենք մերժում են բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլև՝ հակագործողություն: «Հանուն Հայաստան պետության» ճակատից այս կապակցությամբ հնչում են տարբեր գնահատականներ, և քանի դեռ Ճակատի անունից չկա միասնական, հստակ հայտարարություն՝ այս խնդիրը կմնա առկախված:
 
Ուշագրավն այն է, որ Ճակատը պայքարի իր սկզբունքներից հրաժարվելու որևէ հայտարարություն չի արել: Հետևաբար, հարց է առաջանում՝ ինչո՞ւ հանկարծ Փաշինյանը մոռացավ «Ծռերի» կողմից իրեն աղբամանը նետելու կոչերը: Ընդամենը օրեր առաջ նա մերժում էր Ճակատի հանդիպմանը ներկա լինելու հրավեր անգամ, իսկ հիմա միավորվում է նրանց հետ՝ ստեղծելով միասնական ճակատ, նպատակն էլ հռչակվում է Սարգսյանի վարչապետական ծրագրերի դեմ պայքարելը: Իրականում, իշխանության այս ծրագրերի դեմ պայքար պետք է ծավալվեր շատ ավելի վաղ, մինչև անգամ սահմանադրական փոփոխություններից առաջ՝ դիտարկելով Սարգսյանի վարչապետության հեռանկարը, ուստի, այդ պնդումների համաձայն՝ ներկայում հասարակությանը կրկին փողոց դուրս բերելուն ուղղված քայլերն արկածախնդրություն են, ոչ անկեղծ և որևէ արդյունքի չեն հանգեցնելու: Հայաստանի ներքաղաքական զարգացումներին հետևում են նաև աշխարհաքաղաքական կենտրոնները, և, ըստ ամենայնի, Հայաստանում կատարվող փոփոխությունները և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի շահերից են բխում: Մյուս կողմից՝ հետաքրքիր է այն, թե Ճակատի ինչին է պետք Փաշինյանը, եթե վերջինս մերժում է պայքարի՝ նրանց առաջարկած մեթոդաբանությունը:
 
Սա առաջին հերթին նշանակում է, որ ճակատի ակցիաները որևէ արդյունք չեն տվել, և հիմա նրանք պատրաստվում են օգտագործել Նիկոլ Փաշինյանի ուժերը, և եթե ժամանակին կոչ էին անում նրան աղբամանը նետել, հիմա արդեն պատրաստ են շքեղ աթոռներ առաջարկել, միայն թե նա դառնա յուրային: Առերևույթ թվում է, թե ընդդիմության միավորումը դրական քայլ է, սակայն նշված համատեքստում սա ընդդիմադիր ներուժի միանշանակ թուլացում է: Նախ՝ Փաշինյանի և Ճակատի միջև կրկին սեպ խրելը որևէ բարդություն իրենից չի ներկայացնի, եթե իհարկե իշխանությունները նման ցանկություն ունենան: Մյուս կողմից՝ միայն Փաշինյանին թիրախավորելը շատ ավելի բարդ կլիներ. ի վերջո՝ նա ունի որոշակի վարկանիշ և փորձ, ինչը ձախողումը դարձնում է քիչ հավանական: Որպես կանոն, ընդդիմությունը երբեք ամբողջը չի ստացել, սակայն ձախողման ֆոնին կորցրել է իր միակ ռեսուրսը` հասարակության վստահության պաշարը: Իշխանությանը միշտ ձեռնտու է գործ ունենալ հեղափոխական կոչեր անող ընդդիմության հետ, որը, որպես կանոն, առաջնորդվում է կարճաժամկետ օրակարգով` շեշտը դնելով «կրիտիկական զանգվածի» հավաքման, արագ իշխանափոխության ծրագրի վրա: Նման վարքագիծը ենթադրում է իշխանության հետ ռեսուրսային պայքար, որտեղ ընդդիմության հաղթելու հնարավորությունը զրոյական է:
 
Ստելլա Խաչատրյան