Հայաստանի խորհրդարանը քննարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թ. գործունեության մասին հաղորդումը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հաղորդումը բաղկացած է 89 էջից, որտեղ մանրամասն ներկայացված են հանձնաժողովի գործունեությունը, անցկացված ընտրությունների վերաբերյալ վերլուծություններ, որոնք հանդիսանում են լավագույն քաղաքագիտական վերլուծության նյութ քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների և ցանկացած անձի համար: «Նոր Ընտրական օրենսգրքում ամրագրվել են նոր կանոնակարգեր, որոնք կոչված էին ապահովել ընտրությունների թափանցիկությունը՝ ապահովելով ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար լիակատար վերահսկողություն և խախտված իրավունքների լիակատար պաշտպանության իրականացում»,- նշեց Մուկուչյանը:

 

Նա ասաց, որ նոր Ընտրական օրենսգրքում, ի թիվս այլ փոփոխությունների, ներմուծվել է տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընտրողների գրանցումը տեխնիկական սարքավորումների միջոցով իրականացնելու կարգը: «Մոտ երեք ամսվա ընթացքում ձեռք բերվեցին համապատասխան սարքավորումները, իրականացվեց դրանց թեստավորում, մասնագետների ուսուցում, և համապետական ընտրությունների ընթացքում օգտագործվեց 4 հազար սարքավորում: Ես նշեմ, որ վեր են հանվել ընտրությունների ընթացքում տեխնիկական սարքավորումների գործարկման ընթացքում արձանագրված խափանումներն ու թերությունները և պարզ է դարձել, որ դրանք անգամ գործարանային թույլատրելի մակարդակից էլ ցածր են եղել: Նման եզակի դեպքեր են եղել»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Տիգրան Մուկուչյանը ընտրական գործընթացների նկատմամբ լիակատար վստահություն ապահովելու տեսանկյունից կարևորեց հանրային լայն իրազեկումը ընտրական օրենսդրության մասին: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  առաջնային խնդիրներից է հանրությանը մանրամասն ներկայացնել ընտրական բարեփոխումների իրականացմանը միտված գործողությունները: Հանձնաժողովի կողմից հրապարակվեցին 16 ուղեցույց, 9 տեղեկատվական բնույթի պաստառ, 6 հանրային իրազեկման հոլովակ համապետական ընտրությունների ժամանակ, 1 տասնյակից ավելի տեղեկատվական բնույթի ուղեցույց՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ»,- ասաց Մուկուչյանը: