Հայաստանում ուսուցիչների աշխատավարձը տարիներ շարունակ չի ավելացել, Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիների ընթացքում ուսուցչի աշխատավարձի աճ չի գրանցվել, իսկ այս տարվանից սկսած՝ դասղեկները զրկվեցին նաև դասղեկության համար վճարվող գումարներից: Եթե այս խնդրին ավելացնում ենք այն, որ դպրոցները նաև կուսակցականացվեցին, ապա հասկանում ենք, որ կրթության ոլորտում ունենք շատ լուրջ բաց և խնդիր:

Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին ասաց Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը և ընդգծեց, որ հայաստանյան դպրոցներում սկսել են աշխատանքի ընդունել՝ ըստ իրենց կուսակցական պատկանելիության. «Դա նախկինում էլ կար, հիշենք «Օրինաց երկիր» կոսակցության դեպքը, բայց 2002 թվականից՝ դպրոցների կուսակցականացումը սկսեց տոտալ բնույթ կրել»,-ասաց Խաչատրանը: 

 

Կրթության փորձագետի խոսքով՝ քանի որ Հայաստանը պատերազմող երկիր է, ուստի բնական է, որ բանակի ազդեցությունը դպրոցի վրա օբյկտիվորեն ուժեղանում է տարեցտարի. «Գրեթե նույն վիճակն է դպրոցում եկեղեցու ազդեցության ավելացման պարագայում: Եկեղեցու կողմից  օգտագործվում են որոշակի գործիքներ՝ հասարակությանը կառավարելի իրավիճակում պահելու համար, ինչը տեղի չէր ունենա, եթե պետությունը լիներ զարգացող: Այս հարաբերությունը շատ սխալ է, ստացվում է՝ մենք եկեղեցու և բանակի դերը մեծացնում ենք, որ մարդիկ հանկարծ չսկսեն մտածել պայքարի մասին»-ասաց Սերոբ Խաչատրյանը:

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանի փոխանցմամաբ էլ՝ դպրոցներում տարվող կրթական ծրագրերը չեն կարողանում դիմակայել այն մարտահրավերներին, որոնք մեր երկրում կան. «Ոչ մեկս դեմ չէ, որ երեխան զենք գործածելու հմտութուններին տիրապետի, կամ արտակարգ իրավիճակի պարագայում ճիշտը կողմնորոշվի, սակայն այն ձևը, որով փորձում են դա իրականացնել՝ անընդունելի է: Դպրոցներում տարվում է հատուկ գաղափարական քարոզչություն, ինչը չի բխում երեխաների իրավունքների պաշտպանության կոնվենցիայից, որի պարտադիր պայման է երեխաների մեջ հանդուրժողականություն սերմանումը: ՀՀ-ում կրթությունը ոչ թե ազգային է, այլ՝ ազգայնական, իսկ ներկայացված ռազմահայրենասիրության մասին ծրագիրը մեզ ոչ մի լավ բանի չի բերում»,-ասաց Խառատյանը:

Նշենք, որ թեպետ կրթությունը ՀՀ-ում հայտարարված է գերակա ուղղություն, սակայն Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիների ընթացքում ոլորտին հատկացվող գումարները ոչ միայն չեն ավելացել, այլև կրճատվել են: Համեմատության համար նշենք, որ 2018 թ.-ին Հայաստանի պետական բյուջեից կրթությանը հատկացվելու է ավելի քիչ գումար, քան արտաքին պարտքի սպասարկման համար: