Կառավարությունը սահմանել է նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուկյանը նշել է, որ կսահմանվեն մի շարք պահանջներ, որոնք միտված են, մասնավորապես, էներգաարդյունավետության հաշվարկման մեթոդաբանության միասնական ընդհանուր ձևաչափի ներդրմանը, շենքերում էներգաարդյունավետության նվազագույն ցուցանիշների կիրառմանը, շենքերի ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգերի փորձաքննության կազմակերպմանը, էներգաարդյունավետության սերտիֆիկատների տրամադրմանը և տեսչական հաշվետվությունների անկախ վերահսկման համակարգերի ներդրմանը:

«Արդյունքում ակնկալվում է բարելավել շենքերի էներգաարդյունավետության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական դաշտը, որի արդյունքում նախատեսվում է էականորեն նվազեցնել շենքերում օգտագործվող վառելիքաէներգետիկ ռեսուրսների սպառման ծավալները, կրճատել օբյեկտների շահագործման ծախսերը և դրանցում ապահովել նորմատիվային հարմարավետության պայմանները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Մանուկյանը՝ ավելացնելով, որ կկարգավորվեն նաև բնապահպանական խնդիրներ, մասնավորապես՝ էականորեն կնվազեցնեն վնասակար նյութերի և ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ:

Կարևորելով ընդունված որոշումը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը նշել է, ըստ այդմ շենքերի էներգաարդյունավետության ոլորտում նոր մշակույթի հիմք է դրվում: