Մանկապարտեզի երեխաներին կերակրում են ռեստորանի մնացորդներով: Այս մասին տեղեկանում ենք համացանցում հայտնված մի գրառումից, որտեղ նշվում է, որ այս մասին ահազագել են Արմավիրի մարզի Այգեկ համայնքի մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները:

Համացանցում մասնավորապես գրել են«Արմավիրի մարզի Այգեկ գյուղի մանկապարտեզի տնօրեն Նելլին, ով ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) կինն է, ինքնատիպ թալանի ձև է գտել: Նրա ղեկավարած մանկապարտեզի ծնողները վախեցած ու մտահոգված զանգահարել են մեզ՝ տեղեկացնելով, որ Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի կինն իր ընտանիքին պատկանող, Արգավանդի խճուղու վրա գտնվող «Անգելինա» ռեստորանի սննդի մնացորդներով կերակրում է մանկապարտեզ հաճախող իրենց երեխաներին՝ գրպանելով յուրաքանչյուր ամիս սննդի համար հավաքվող ծնողական գումարները:

 

«Մեր երեխաների առողջությունը վտանգված է, ոչ-ոք համարձակություն չունի այդ խելագար ամուսիների դեմ դուրս գալու համար, մի բան արեք՝ կանխվի, աղաչում ենք,- լացակումած ասում էին այգեկցիները»:

ԼՈւՐԵՐ.com-ը մեկնաբանություն ստանալու համար զրուցեց Այգեկի մանկապարտեզի տնօրեն Նելլի Մովսիսյանի հետ, սակայն վերջինս հերքեց տարածված լուրերը. «Կարող են գալ և ճշտել, թե ինչ է կատարվում մանկապարտեզում. Թող գան, տեսնեն՝ ինչ ենք մատուցում երեխաներին: «Անգելինա» ռեստորանը չի գործում, եթե անգամ գործեր էլ՝ դա ի՞նչ կապ կարող էր ունենալ մանկապարտեզի հետ: Առանց ճշտելու՝ անհիմն խոսում են»,- պարզաբանեց մանկապարտեզի տնօրենը: 

Մովսիսյանը հավաստիացրեց՝ սնունդը երեխաներին մատուցվում է սահմանված օրենքին համապատասխան. «Երեխաներին մատուցում ենք թարմ միս: Այժմ կերակրում ենք հավի մսով, մինչև սպանդանոցային մսի հարցը լուծվի: Գրատախտակին ամեն օր գրվում է սննդակարգը և ծնողները հնարավորություն ունեն տեսնել, թե ինչ են ուտում իրենց երեխաները»,- ասաց նա: 

Նրա խոսքով՝ մինչ այս որևէ բողոք չեն ունեցել. «Մեր մանկապարտեզ այցելում են նաև կողքի 3 գյուղերից, եթե վատ լիներ՝ կարծում եմ իրենց երեխաներին մեզ մոտ չէին բերի: Հիմա մեզ մոտ հաճախում է 105 երեխա, որոնցից գրեթե 40-ը մյուս համայնքներից են»: