ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը, ով նախարարության աշխատակիցների շրջանում հայտնի է որպես «թութակով Սամվելիկ», որոշել է իրեն դրսևորել մեծ սպորտում: Մամուլում այսօր հրապարակված տեղեկատվության համաձայն, սույն պարոնը ոչ ավել, ոչ պակաս մյուս շաբաթ մեկնելու է Եվրոպա՝ մասնակցելու Ավստրիայում կայանալիք վազքի մրցույթին: Փոխնախարարը ի դեպ բավականին երիտասարդ է, ավյունով լի, համարվում է թարմ կադր, բայց ինչպես երևում է իր ավյունը և եռանդը ծառայեցնում է բոլորովին էլ ոչ իր բուն պարտականությունները կատարելուն:

Փաստորեն փոխնախարարը այն աստիճան անդարդ ու պարապ է մնացել և այն աստիճան անլուրջ է մոտենում իր աշխատանքային պարտականությունները կատարելուն, որ բան ու գործը թողած՝ վազվզում է: Ի դեպ՝ խոսքն այն փոխնախարարի մասին է, ում անվան հետ են կապվում առողջապահական համակարգում վերջերս իրար հաջորդած աղմկահարույց որոշումները: Մարգարյանը այնպես է տարվել սպորտային կարիերայով, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով անգամ անցած տարվա համար դեռ հայտարարագիր չի ներկայացրել: Փոխարենը  հանձնաժողովի կայքում առկա է 2016 թ. ներկայացված հայտարարագիրը, որտեղից պարզ է դառնում, որ պաշտոնը ստանձնելու տարում 33.6 մլն դրամով բնակարան է գնել:

 

Նրա փոխառությունների գումարը անցած տարվա վերջում կազմել է 120 հազար դոլար, իսկ դրամական միջոցները՝ 3 մլն 897 հազար դրամ, 5 հազար դոլար: Մինչ այդ, նկատենք, որ չնայած այս ահռելի ունեցվածքին, նախարարությունում Մարգարյանը ուզում էր ցույց տալ, որ համեստ կենցաղ է վարում. սկզբում նա հեծանիվով էր աշխատանքի գալիս՝ թութակն ուսին, նաեւ պարբերաբար նախարարության միջանցքներում ընդմիջման ժամերին ցուցադրաբար պոնչիկ էր ուտում` ձեւացնելով, թե յուրօրինակ է: Իսկ մինչ փոխնախարար նշանակվելը նա զբաղեցնում էր «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը: Հիմա էլ Մարգարյանի սիրտը վազել է ուզում,գուցե այս երիտասարդը ի վերջո հասկացել է , որ փոխնախարարի պաշտոնը իր խելքի բանը չէ, հատկապես որ իր կրեատիվով դժվար թե ստվերի վերադաս Ալթունյանին: Հուսանք փոխնախարարը մրցմանը կներկայանա լավ մարզավիճակում, երբ բարձր կպահի մեր երկրի անունը , այսպիսով գոնե ինչ-որ օգուտ բերելով Հայաստան աշխարհին…

 

Ստելլա Խաչատրյան