Ինչպես բազմիցս տեղեկացրել ենք՝ քաղաքացի Սամվել Սահակյանն իր անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խախտելու, բիզնեսի խլման գործընթացին անմիջական մասնակցություն ունենալու մեջ է մեղադրում Կենտրոնական բանկին:

Սույն թվականի ապրիլի 10-ին՝ դատարանի կայացրած որոշման համաձայն՝ Կենտրոնական Բանկին պարտավորեցվել է փոխհատուցել քաղաքացի Սամվել Սահակյանի այն ծախսերը, որոնք նա կատարել էր ԿԲ-ի անհիմն հայցի դեմ պաշտպանվելիս։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Սահակյանը:

 

Վերջինս Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին մեղադրում է  հարկատուների գումարները վատնելու մեջ. «Բացի այն, որ իմ նկարները տրամադրվել էին կրիմինալին՝ ԿԲ-ն իմ դեմ նախաձեռնել էր իրավական հետապնդում և իմ անձի վերաբերյալ զրպարտիչ տեղեկատվություն տարածել: Մեկ տարուց ավելի ձգվող 10 դատական նիստերի ընթացքում չներկայացնելով ոչ մի ապացույց, ԿԲ-ն ստիպված հետ վերցրեց իր հայցը։ Սակայն անձամբ Ջավադյանը, ամեն դեպքում, հաղթող դուրս եկավ, քանզի իր կողմից անհիմն հայցի դեմ պայքարելու արդյունքում՝ ես ծախսեցի մեծ գումարներ, որոնց միայն մի մասն է (300 000 դրամ) փոխհատուցվելու, այն էլ՝ ոչ թե Ջավադյանի աշխատավարձից, այլ մեր՝ հարակտուներիս հաշվին: Բացի այդ՝ անհիմն վատնվեց դատական ռեսուրս, որի համար ևս վճարում ենք մենք՝ հարկատուներս։

Փաստորեն, ստացվում է, որ մենք հարկեր ենք մուծում, որպեսզի Ջավադյանն իր ղեկավարած կառույցի օրինախախտումները քողարկի։ Գտնում եմ՝ անթույլատրելի է, որ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը նման անփույթ վերաբերմունք ունենա պետական սուղ միջոցների հանդեպ»,- ասաց Սահակյանը:

Նրա խոսքով՝ բացի այդ, հայցերից մեկով ԿԲ-ն իրեն մեղադրել էր կեղծարարության մեջ, իր անձը արատավորող նյութեր էր տպագրել մամուլում, ինչպես նաև կեղծ տեղեկատվություն էր ներակայցրել ԱՄՆ դեսպանատուն. «Հետագայում, կեղծ ստորագրության մասին ԿԲ-ի հաղորդումը, բնականաբար, հերքվեց՝ ձեռագրաբանական փորձաքննության արդյունքներով: Ես նաև ապացույցներ ներկայացրի հանրությանը, որ անձինք, որոնց Ջավադյանը տրամադրել էր իմ նկարները, երբևէ  չեն հանդիսացել ղեկավար անձ, ինչի մասին ԿԲ-ն  նշել էր 2017թ. հունվարի 24-ին՝ ԶԼՄ-ով տարածած հայտարարության մեջ»:

Սահակյանը, սակայն, շարունակում է պայքարել. «Այժմ ես պայքարում եմ, որպեսզի քննչական մարմինը, ի վերջո, վերականգնի միջգերատեսչական պայմանավորվածություններից և սկսի ուսումնասիրել Կենտրոնական բանկում անձնական տվյալները 3 անձանց տրամադրող անձանց շարժառիթները»,- եզրափակեց Սահակյանը:

 

Հիշեցնենք, որ Սամվել Սահակյանը 2016թ. դեկտեմբերին քրեական գործ հարուցելու պահանջով դիմել էր Կենտրոնի ոստիկանություն և դատախազություն` նշելով, որ Կենտրոնական բանկը խախտել է իր անձնական տվյալների պաշտպանության իրավունքը` բանկում տեղադրված տեսանկարահանման սարքերի միջոցով արված լուսանկարները տրամադրելով երրորդ անձանց: 

Պարզվում է՝ երբ Սամվել Սահակյանն ու իր կինը ԿԲ-ում վարկային կազմակերպության հետագա գործունեության հետ կապված փաստաթուղթ են մուտքագրել՝ այդ ընթացքը ֆիքսել են Կենտրոնական բանկի տեսախցիկները, որն այնուհետև առանց որևէ օրինական հիմքի՝ տրամադրվել է մասնավոր անձի՝ «Ֆիկո» վարկային կազմակերպության խորհրդի անդամ ներկայացողներից մեկին: Վերջինս լուսանկարներն ուղարկել է Սամվել Սահակյանին, հանդիպում պահանջել, այնուհետև սկսել սպառլնալիքներ հնչեցնել:

Այնուհետև, քանի որ Սամվել Սահակյանը հանրայնացրել էր իր բողոքն ընդդեմ ԿԲ-ի, և լրատվամիջոցներում բանկի հասցեին մեղադրանքներ էր հնչեցրել, ԿԲ-ն զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ հայց ներկայացրեց դատարան ընդդեմ Սամվել Սահակյանի` պահանջելով հերքել իր բարի համբավը արատավորող արտահայտությունները:
 
Սոնա Հարությունյան