Վաղ առավոտից ակտիվիստները, ի նշան անհնազանդության, փակում են Երևանի կենտրոնական փողոցները՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում ասել էին, որ վաղ առավոտից կան բերման ենթարկվածներ։

Լրատվամիջոցները գրել են նաև Մետրոյի կայարաններից ակտիվիստներին բերման ենթարկելու դեպքերի մասին։

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պաշտոնապես նշել է, որ այս պահի դրությամբ ոչ մի բերման ենթարկված անձ չկա ոստիկանական բաժանմունքներում։