Ազգային ժողովում ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները համատեղ նիստում միաձայն քվեարկությամբ կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, որպես վարչապետի թեկնածու՝ պաշտոնապես ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը խուսափում է նկատել փողոցում տեղի ունեցող գործընթացները և փորձում է իր լռությամբ ստեղծել երկու՝ իրարից տարանջատված պրոցեսների տպավորություն: Այդ իսկ պատճառով՝ Հանրապետական կուսակցությունը և Սերժ Սարգսյանն այս պահին շատ կազմակերպված և միահամուռ լռում են:

Սերժ Սարգսյանի համար հիմա ամենակարևորը վարչապետության փափուկ սկիզբն է, առնվազն՝ վարչապետության ընտրության խաղաղ ընթացքը: Դժվար թե միջազգային հանրությունը ների Սարգսյանին, եթե վերջինս այս անգամ էլ իշխանությունը ստանձնի «Մարտի մեկի» արդյունքում: Մյուս կողմից՝ նոր Մարտի մեկ Սարգսյանին կարող է չներել նաև հայաստանյան հասարակությունը և անգամ համակարգը: Իսկ սա արդեն մեծագույն ռիսկ է, որից էլ ամեն գնով ցանկանում է խուսափել Սերժ Սարգսյանը: Գուցե դա է պատճառը, որ իշխանություններն այս պահին հանձնել են Երևանի մեծ մասը և բարիկադավորվել Բաղրամյան 26-ում: Ընդհանրապես, մինչ այս պահը աչքի էր զարնում ոստիկանության գործողություններում նկատվող պասիվությունը:

 

Սակայն այսօր Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ այն, ինչից խուսափում էին բոլորը՝ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների արդյունքում կան վիրավորներ, այդ թվում՝ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Վերջին տվյալներով՝ կա 10 բերման ենթարկված քաղաքացի: Ո՞վ է տվել ուժի կիրառման հրամանը: Գործազուրկ Սերժ Սարգսյանն այդ դերը ստանձնել դե յուրե չէր կարող, որովհետև այս պահին չունի որևէ իշխանական լծակ: Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, բանակը և որևէ կառույց Հայաստանում նրա ենթակայության տակ չէ: Բացի այդ, Սարգսյանին ավելի ձեռնտու էր այս փուլում ինչ-որ մեկի ձեռքով լուծել այդ խնդիրը, սակայն թե ով կդառնա քավության նոխազն, այդպես էլ չի նշմարվում: Գուցե վարչապետի պաշտոնն այս պահին զբաղեցնող և այդ պաշտոնը լքել պատրաստվող Կարեն Կարապետյանը կամ ԱԺ նախագահ Արա Բաբլոյա՞նը: Իշխանությունների խնդիրն է զգուշանալը եւ հնարավոր գործողությունների առաջացումը կանխելը: Այդ իսկ պատճառով, գոնե այս առումով՝ ՀՀԿ-ն չի շտապում թերագնահատել հասարակական սպասվող գործողությունները: Այս դաշտում ՀՀԿ գործիչները շատ զգույշ են խաղում, քանի որ հասկանում են, որ «բորբոքելը» կարող է վտանգավոր լինել: Փոխարենը՝ ամեն պատեհ առիթի դեպքում ՀՀԿ-ն հիշեցնում է հասարակությանը 2017թ.-ի ապրիլի 2-ը՝ անուղղակի ակնարկներ հղելով, որ Ս. Սարգսյանի թիմը գնել է իշխանությունը ժողովրդից: Սակայն իրավիճակը փոխվել է, և կարծես ամեն ինչ չէ, որ ընթանում է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի գծած սցենարով:

 

Ստելլա Խաչատրյան