Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի պաշտոնում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանն ազատ կքվեարկի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Կայացվել է ազատ քվեարկելու որոշում, ես ինքս դեմ եմ քվեարկելու»,- նշեց Զոհրաբյանը:

Հարցին՝ եթե կողմ քվեարկողներ լինեն, կարելի է ասել, որ «Ծառուկյան» խմբակցությունն այլևս ընդդիմադիր չէ, Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ, չի կարելի ասել: Եթե կայացված լիներ միաձայն քվեարկելու որոշում, կլիներ միաձայն քվեարկություն, ես ինքս դեմ եմ քվեարկելու, իսկ ովքեր կողմ են քվեարկելու, նրանց հարցրեք, միգուցե, կարողանան հիմնավորել իրենց քվեարկությունը»:

Խորհրդարանում արդեն մեկնարկել է ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման համար հրավիրված ԱԺ նիստը: Իշխող կոալիցիան ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդարանը վարչապետ կընտրի ձայների պարզ մեծամասնությամբ:

Ապրիլի 9-ից Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական համակարգին: Նույն օրը երդվել ու պաշտոնը ստանձնել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը: Հայաստանը նոր կառավարման համակարգում վարչապետի՝ ԱԺ նիստում՝ բաց քվեարկությամբ ընտրելուց հետո նոր կառավարություն կունենա 20-օրյա ժամկետում. հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին են ներկայացվելու կառավարության անդամների թեկնածուները: Դրանից հետո 15-օրյա ժամկետում պետք է կառավարության 2/3-ը նշանակված լինի: Երբ նախագահի կողմից կառավարության 2/3-ը նշանակված լինի, կազդարարվի նոր կառավարության ձևավորումը: