ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ Սամվել Ֆարմանյանը «Հայլուրը» բերել է խորհրդարան, և ասում է, որ ամեն ինչ լավ է, ոչ մի վատ բան չկա․ «Ո՞նց կարելի է նման բան ասել: Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ: Աշոտյանն ասում է՝ եկեք սիրենք միմյանց: Ձեզ ո՞նց կարելի է սիրել, դուք սիրելո՞ւ բան եք, որ սիրենք: Ձեր ղեկավարած նախարարությունը նայեք, ձեր ղեկավարած երկիրը նայեք, տնտեսությունը նայեք: Պերիկլեսից եք խոսում, ձեր կուսակցությունում այնպիսի մարդիկ կան, որ գյուղի դպրոցն իրենց անունով են կոչում: Ի՞նչ Պերիկլես»,-հայտարարեց Մարուքյանը:

ԵԼՔ-ի պատգամավորը անիրական է համարում այն պնդումները, թե Հայաստանը խորհրդարանական երկիր է. «Կարո՞ղ եք մի խորհրդարանական երկիր բերել, որը Հայաստանի պես է, որտեղ վարչապետին է ենթարկվում ոստիկանապետը, ԱԱԾ պետը, պետական պահպանության ծառայության պետը, ՊԵԿ-ը: Սա՞ է պառլամենտական, որ այդ մարդիկ չեն գալիս խորհրդարան, չեն կարող մի հարց տալ: Հիմա ոստիկանության գործողությունների համար պետք է վարչապետի՞ն հարց տանք: Դրանք պետք է լինեին նախարարություններ եւ լինեին ԱԺ-ի վերահսկողության ներքո»:

ԵԼՔ խմբակցության պատգամավորն ընդգծեց նաև, որ երկրին համակարգային փոփոխություններ են պետք. «Թե չէ՝ եթե մնացինք այն մակարդակին, որ գան ասեն՝ պարո՛ն նախագահ, տեսա՞ք՝ ոնց պատասխանեցի Էդմոնին, մեզ մոտ ոչինչ չի փոխվելու, մենք կմնանք նույն տեղում եւ ավելի հետ կգնանք»: