Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քիչ առաջ ԿԳՆ հայտարարություն էր տարածել՝ հորդորելով զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից:

Սրան ի պատասխան՝ «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքացիներն ազատ են մասնակցել այն միջոցառումներին, որին հարկ են համարում մասնակցել:

 

«Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի նախընտրական հավաքներին երեխաներին զանգվածաբար, ստիպողաբար հանում էին դպրոցներից, փուչիկներով տանում էին հավաքների: ԿԳՆ-ն ոչ մի բարոյական իրավունք չունի նման կոչով որևէ մեկին դիմել, որովհետև նախ նման կոչով ինքն իրեն պետք է դիմի, որից հետո պետք է մտածել՝ ինքն իրավունք ունի՞ այսպիսի կոչով հանդես գալ»,- ասաց Փաշինյանը՝ ապա ընդգծեց, որ ինքը դատապարտում է այն դեպքերը, երբ մանկահասակ երեխաներին ներքաշում են ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի քարոզարշավի մեջ:

«Կոչ ենք անում ծնողներին, հաշվի առնելով դպրոցահասակների անվտանգության խնդիրը եւ տարիքային առանձնահատկություններին բնորոշ զգացմունքայնությունը, դրսեւորել հետեւողականություն եւ, համագործակցելով ուսումնական հաստատությունների հետ, բացառել սովորողների անուշադրության տիրույթում հայտնվելու հնարավորությունը»,- ասված էր ԿԳՆ հայտարարության մեջ: