ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ապրիլի 18-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այս տարի մարտի 17-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ստեղծված Արտակարգ իրավիճակների կառավարման նախարարության հետ երկկողմ համագործակցության հնարավորությունները և ուղղությունները: Չինաստանի նորաստեղծ նախարարությունն իր մեջ է ներառել բոլոր այն գործառույթները, որոնք նախկինում իրականացնում էին 9 գերատեսչություն:

Ողջունելով դեսպանին՝ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դ. Տոնոյանը ներկայացրեց ՀՀ ԱԻ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները՝ ընգծելով նրանք, որոնց շուրջ հնարավոր է կառուցել հայ-չինական երկկողմանի սերտ համագործակցություն:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԻ նախարարության կողմից երկկողմանի համագործակցության նախաձեռնողականության համար՝ դեսպան Թիեն Ըրլոնգը շեշտեց, որ աղետների դեմ պայքարը մեկ միասնական կենտրոնից շատ ավելի արդյունավետ է և նպաստում է աղետների ռիսկի նվազեցմանը և ինչպես չինական ժողովրդական ասացվածքում է նշված. «Երբ բնական տարերքի դեմ պայքարում է 9 վիշապ, առկա հնարավորությունները փոշիանում են»,- հավելեց դեսպանը:

Կողմերը պայմանավորվածություն ձեռքբերեցին ապագա երկկողմ համագործակցության մեջ ներառել փորձի փոխանակումը սեյսմոլոգիայի, արձագանքման, փրկարարական և հրդեհաշիջման ուժերի պատրաստման այլ բնագավառներում, ինչպես նաև՝ միջոցառումներ իրականացնել աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ: Դեսպանը պատրաստակամություն հայտնեց անմիջապես նախաձեռնել երկու երկրների նախարարությունների միջև երկխոսությունը:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատարը չինական կողմին հրավիրեց մասնակցելու այս տարի դեկտեմբերի 5-ից 7-ը մեր երկրում «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվող Սպիտակի երկրաշարժի հիշատակման 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, որոնց շրջանակում իրականցվելու են՝ միջազգային համաժողով, համապետական վարժանք և Դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ: