Սերժ Սարգսյանն իր անփառունակ 10 տարիների կառավարման արդյունքում սոցիալ-քաղաքական փակուղի է մտցրել մեր երկիրը: Չխորշելով բացահայտ ստախոսի համբավից՝ կեղծված հանրաքվեով ժողովրդին պարտադրված սահմանադրության օգնությամբ տիրելով իշխանական բոլոր լծակներին, այնուամենայնիվ, այժմ նա ինքն էլ է հայտնվել փակուղում: Այս մասին ասված է «Հանուն Հայաստան պետության» ճակատի տարածած հայտարարության մեջ:

«Այդպիսի ղեկավարից օր առաջ ազատվելը դարձել է կենսական անհրաժեշտություն, Հայաստանը զարգացման ուղի վերադարձնելու առաջին պարտադիր քայլ:

 

Որպես քաղաքացիական անհնազանդությանն ակտիվորեն մասնակցող ուժ՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատը ջերմորեն ողջունում է ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման այս օրերի համաժողովրդական ընդվզումը, առանձնապես մեր փայլուն ու կայտառ երիտասարդության միանալը պայքարին եւ կոչ անում Հայաստանի, ներառյալ Արցախի, եւ Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին՝ չընկրկելու, համախմբվելու եւ է՛լ ավելի ուժեղացնելու պայքարը:

Սթափվելու եւ բռնություններից զերծ մնալու կոչով դիմում ենք իշխանություններին եւ առայժմ ոչ թե ժողովրդին, այլ իրենց հլու-հնազանդ ծառայող ոստիկանությանը. մի՛ սրեք առանց այդ էլ լարված իրավիճակը, մի՛ ոտնահարեք քաղաքացիների՝ իրենց խաղաղ բողոքն ազատորեն արտահայտելու իրավունքը, վերջապես ազատ արձակե՛ք բոլոր քաղբանտարկյալներին:

Միեւնույն ժամանակ համոզված ենք, որ հետագա պայքարի հաջողության գրավական կարող են լինել նաեւ համաժողովրդական շարժման հստակ ձեւակերպված պահանջներն ու առաջարկները: Այս համատեքստում ավելորդ չենք համարում հիշեցնել եւ լայն շրջանակների քննարկմանը դնել ամիսներ առաջ մեր առաջարկած ճանապարհային քարտեզի հետեւյալ կետերը.

  1. Սերժ Սարգսյանն անվերապահորեն պետք է հրաժարական տա:
  2. Ապօրինի ընտրությունների արդյունքում ձեւավորված ներկայիս Ազգային ժողովը պետք է կամ ընդառաջելով շարժման պահանջին, հաստատի ոտքի ելած ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող ժամանակավոր անցումային կառավարության նոր կազմը, կամ էլ ինքնալուծարվի, եւ ժողովուրդը ուղղակի ժողովրդավարություն կիրառելով հրապարակում կընտրի այդ կառավարությունը:
  3. Ժամանակավոր անցումային կառավարությունը 1-1.5 տարում պետք է ապահովի նոր սահմանադրության մշակումն ու ընդունումը հանրաքվեով եւ օրինական իշխանության մարմինների ձեւավորումը ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների արդյունքում»,- ասված է հայտարարությունում: