Նախագահական երկու ժամկետից հետո արդեն վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ Հայաստանում մեկ շաբաթից ավելի անցկացվող բողոքի ցույցերը լուրջ անհանգստություն են պատճառել իշխանություններին, և հիմա նրանք ընդդիմությանը երկխոսության առաջարկ են անում: Երեկ արդեն իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն է հայտարարություն տարածել՝ նշելով, թե բողոքի ցույցերը «համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են», ու կոչ արել խորհրդարանական ուժերին՝ նորընտիր նախագահի հովանու ներքո քաղաքական խորհրդակցությունների հարթակ ստեղծել: Այս հայտարարության համատեքստում նախագահ Արմեն Սարգսյանն էլ իր հերթին նշել է. «Իմ խորին համոզմամբ, նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձևաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուրժողականությունը: Որպես պետության ղեկավար` ես հրավիրում եմ կողմերին երկխոսության` ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար»,- ասել է Արմեն Սարգսյանը: Ակնհայտ է՝ և՛ Արմեն Սարգսյանը, և՛ ՀՅԴ-ն իրենց հայտարարություններն արել են պետության փաստացի ղեկավար Ս. Սարգսյանի հետ համաձայնեցված: Ընդ որում, դա այն նույն ՀՅԴ-ն է, որը մի քանի օր առաջ ընդհանրապես անընդունելի է անվանել փողոցում ծավալվող պայքարը:
 
Իհարկե, դժվար է ասել, թե ում հետ են պատրաստվում երկխոսել իշխանություններն այն պարագայում, երբ հասարակության ահռելի զանգված իշխանությունների «երեսն» անգամ տեսնել չի ցանկանում: Առհասարակ` Արմեն Սարգսյանի պատասխանը, ձևով և բովանդակությամբ, շատ նման է ՄԻՊ անատամ զեկույցներին և արձագանքներին, որոնցում շարադրվում են ակնհայտ ճշմարտություններ ժողովրդավարության և մարդու իրավունքների, բռնությունների անթույլատրելիության մասին:
 
Մյուս կողմից` նախագահի հայտարարությունը վերացական է` առանց կոնկրետ հասցեականության: Այնպիսի տպավորություն է, որ Արմեն Սարգսյանը հանդես է գալիս ոչ թե պետության գլխի, այլ դիտորդի դիրքերից և հարկադրված ինչ-որ բան ասում է` ասելու համար: Ասելու պատճառն էլ հասկանալի է՝ նա քաղաքական դաշտ է գործուղվել քաղաքական տարբեր սեգմենտների միավորման, համերաշխության մթնոլորտի ձևավորման համար: Մինչ այս պահը այդ առաքելությունը կարծես թե գլուխ չի բերվում ՝ Արմեն Սարգսյանը նախընտրում է պատշգամբից ծածուկ հետևել Երևանում տեղի ունեցող իրադարձություններին: Մյուս կողմից, հասկանալի է՝ ինչու է Սերժ Սարգսյանը գնում այս բազմաքայլին, որի մեջ ներգրավված են կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն և դրածո նախագահ Սարգսյանը: Հասարակության ընդվզման ֆոնին Սերժ Սարգսյանը չի կարող թերագնահատել համակարգին սպառնացող ռիսկերը, և նա պարզապես ստիպված է գնալ երկխոսության՝ առաջարկել որոշակի զիջումներ: Սակայն այդ ամենը Սարգսյանն անում է ոչ թե անձամբ, այլ պահպանելով դեմքը՝ ՀՅԴ-ի և Արմեն Սարգսյանի միջոցով: Նպատակն էլ հասկանալի է՝ Սերժ Սարգսյանը կգնա աննշան զիջումների, կթուլացնի հասարակական ճնշումը, այնուհետև, ջլատելով պայքարը, կրկին կվերականգնի իր դիրքերը: Նման փորձ Սերժ Սարգսյանն ունի դեռ 2008-ից: Այլ բան է, որ ի տարբերություն 2008-ի՝ այսօր հանրությունն ավելի քիչ է հակված ընկնելու Սարգսյանի լարած ծուղակը:
 
 
Ստելլա Խաչատրյան