«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը, որի նախագահն է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ստեղծված իրավիճակում երկխոսություն սկսել։

«Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում են Երեւանում տեղի ունեցող իրադարձությունները։ Խաղաղ հավաքների ազատությունն  այն հիմնարար իրավունքն է, որի վրա  հիմնված են ժողովրդավարական բոլոր   համակարգերը: Խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու, իր կարծիքն ու տեսլականը ներկայացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի:

Սակայն այդ իրավունքի իրացումը պետք է իրականացվի օրենքի սահմաններում և չպետք է ուղեկցվի այլոց իրավունքների խախտմամբ։ Վերջին օրերին ծավալվող իրադարձությունները խորը մտահոգության տեղիք է տալիս։

Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող Հայրենիքի համար անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով ներքաղաքական կյանքում ստեղծված լարված իրավիճակի միակ հանգուցալումը զսպվածության, հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի ցուցաբերումն է։  

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման նախաշեմին կոչ ենք անում քաղաքական գործընթացի շահագրգիռ մասնակիցներին՝ մտահոգող բոլոր հարցերը քննարկել երկխոսության միջոցով, երկխոսությունն այլընտրանք չի կարող ունենալ», -ասված է պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախագահած կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։