Վերջին օրերին ՀՀ մայրաքաղաք Երևանում և այլ բնակավայրերում բողոքի ցույցերի և ավտոերթերի արդյունքում առաջացած մարդկային և ճանապարհատրանսպորտային միջոցների կուտակումները կարող են հանգեցնել արտակարգ դեպքերի, պատահարների: Այդ մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է քաղաքացիներին' պահպանել զգոնությունը ավտոճանապարհներին և մարդաշատ վայրերում: Կոչ ենք անում ցույցերի և երթերի ընթացքում ցուցաբերել զսպվածություն, հաշվի առնելով, որ մարդկանց մեծաթիվ կուտակումների, խուճապի կամ անկանոն տեղաշարժի հետևանքով առաջացող հրմշտոցը կարող է հանգեցնել մարմնական, այդ թվում նաև կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների ստացմանը: Նման իրավիճակներում հատկապես խոցելի են կանայք, երեխաները և տարեցները:

Ցույցերի և երթերի ընթացքում վտանգավոր է նաև տարատեսակ հրագործական արտադրատեսակների (ճայթռուկներ, հրավառություններ, ծխագլանակներ, ջահեր և այլն) կիրառումը, ուստի հորդորում ենք քաղաքացիներին' խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոններն ու ցուցաբերել առավելագույն զգուշավորություն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հիշեցնում է, որ ցանկացած իրավիճակում անվտանգության կանոնների պահպանումը, արտակարգ դեպքի ռիսկի կանխումը մարդկային կյանքերի փրկության և առողջության պահպանման գրավականն է: Պատրաստ լինելով ցանկացած պահի արձագանքելու արտակարգ դեպքերին, պատահարներին՝ ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է քաղաքացիներին' չխոչընդոտել հրշեջ-փրկարարական մեքենաների ազատ տեղաշարժին:

Մարդածին և բնական աղետների ռիսկի նվազեցման և մարդու կյանքի և առողջության պահպանմանն ուղղված միջոցառումները համամարդկային են և արդիական ցանկացած քաղաքական իրավիճակում»,- նշված է հաղորդագրության մեջ: