Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձել է սամանին տիրող իրավիճակին: Պաշտպանության նախարարը մատնանշել է այն սցենարը, որի դեպքում Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաները, կարող են ուղղակիրոն առիթավորել հակառակորդին, ինչի վկայությունն էլ այսօր տեսնում ենք: Դեռ երեկ ողջ օրը ՊՆ-ն տեսանյութ էր տարածում, որում երևում է ադրբեջանական զինտեխնիկայի շարժը համակարտ զորքերի շփման գծում:
 
Պատերազմի վերսկսման վտանգ միշտ էլ կա, դրա վառ վկայությունն էլ Ապրիլյան քառօրյան էր: Վտանգը կա, քանի որ Հայաստան պետությունը որևէ բնագավառում չի գրանցում աճ: Չի գրանցում այնպիսի տնտեսական, քաղաքական, դիվանագիտական հաջողություններ, որոնք թույլ կտային առավելության հասնել թշնամու հանդեպ և իսպառ բացառել պատերազմի վերսկսման վտանգը, քանի որ պարզ ճշմարտություն է՝ հարձակվում են, երբ իրենց առջև թուլություն են տեսնում:
  
Տասնամյակներ շարունակ իրականությունից կտրված իշխանությունները նույնիսկ երկրի անվտանգության առաջ ծառացած ռիսկերը ի վիճակի չեն գնահատել: Երկրի անվտանգության մասին այդքան մտահոգված Վիգեն Սարգսյանը չի կարող չգիտակցել, որ այդ անվտանգության ապահովման համար իշխանությունները թիկունքին պետք է ունենան ժողովրդական աջակցություն: Միայն այդ դեպքում՝ սահմանին թշնամուն դեմ-դիմաց կանգնած զինվորը, շարքային բժիշկը, ուսուցիչը, գիտնականը կզգան այդ անվտանգությունն իրենց մաշկի վրա և կարժևորեն այդ անվտանգությունը: Մինչդեռ այն ամենը, ինչին մինչ օրս ականատես է լինում հասարակությունը՝ բանակում կոռուպցիայի, չարաշահումներ դեմ պայքարի իմիտիացիան է, երբ նույն Վիգեն Սարգսյանը՝ երկու-երեք քավության նոխազի վրա բարդելով ամենի պատասխանատվությունը, իր գործն ավարտած համարեց: Իսկ այսօր հանրությանը սթափեցնում  են հնարավոր վտանգի մասին հայտնի թեզով՝ թշնամին ուշադիր հետևում է մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Միայն թե այս ծեծված թեզը կարծես թե արդեն չի աշխատում...
 
 
Ստելլա Խաչատրյան