«Հրապարակ» թերթը գրում է․

Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումից հետո չնայած ողջ օրը քաղաքացիական անհնազանդության պայքարը չմարեց, սակայն ՀՀԿ-ում կասկած չեն ունեցել, որ հաջորդ օրն ալիքը կմարի։

 

Տեղեկացանք, որ խմբակցությանը հրահանգել են կազմ-պատրաստ սպասել ԱԺ արտահերթ նիստի, վաղ առավոտից պատգամավորները գնացել են խորհրդարան՝ սպասելով ճակատագրական պահին, որպեսզի նիստ անեն եւ Փաշինյանին զրկեն անձեռնմխելիությունից ու կալանավորեն։ Անգամ խորհրդարան է գնացել Արփինե Հովհաննիսյանը, որը տատիկի մահվան պատճառով չի մեկնել ԵԽԽՎ լիագումար նիստին։ Սակայն երեկ վաղ առավոտից մայրաքաղաքի փողոցներում հազարավոր քաղաքացիների քայլերթն իշխանություններին այլ ելք չի թողել, եւ Սերժ Սարգսյանի հետ ուղիղ կապ ունեցող անձինք՝ Կարեն Կարապետյան, Սամվել Կարապետյան, Հրանտ Մարգարյան, Բակո Սահակյան, սկսել են բանակցել՝ վարչապետին բացատրելով իրավիճակի լրջությունը։

Ի դեպ, տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցությունների առաջին հարցը լինելու է Սերժ Սարգսյանին ՀՀԿ ղեկավարի պաշտոնից հրաժարեցնելու պահանջը։ Իսկ մինչ այդ ՀՀԿ-ում զզվանքով խոսում էին ճամբարափոխների մասին՝ կուսակցության ստորին էշելոնի ներկայացուցիչներն անցել են Փաշինյանի ճամբարը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: