Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը, թուրքական ժխտողականության դեմ պայքարը շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողներին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Դա պայքար է ոչ թե ընդդեմ, այլ պայքար է հանուն՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության, հանուն նոր ցեղասպանությունների կանխարգելման, հանուն նրա, որ ժխտողականությունը գլուխ չբարձրացնի»,- ընդգծեց ԱԺ պատգամավորը:

Նա հայտնեց, որ Ազգային ժողովը ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման 70-րդ տարեդարձի առթիվ մեծ ցուցահանդեսներ է կազմակերպում տարբեր երկրներում, ինչպես, օրինակ, Սլովակիայում, Կիպրոսում, Հունաստանում, Մերձբալթյան երկրներում: «Սրանով ցանկանում ենք ևս մեկ անգամ ասել՝ մարդկության դեմ ոճրագործությունները ժամկետ չունեն, դրանք պետք է դատապարտվեն այնքան ժամանակ, մինչև ինքը՝ դահիճը և ոճրագործը չի ճանաչել այդ ցեղասպանությունը»,- ասաց նա: