Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի միջոցառումներին ակտիվ անդրադարձ են կատարում ռուսական հայտնի լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը «Ապրիլի 24-ին հայերը հարգում են 1915թ. Օսմանյան Թուրքիայում Ցեղասպանությանը զոհ գնացած 1.5 միլիոն հայերի հիշատակը» խորագիրը կրող հոդվածում նշում է, որ այս տարի միջոցառումներն անցնում են բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին, որոնք հանգեցրին երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին: «Սպասվում էր, որ երեքշաբթի բողոքի ակցիաները կանցկացվեն Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, սակայն ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց ակցիաները տեղավորվելու են օրվա խորհրդի շրջանակներում»,- ասված է հոդվածում;

Գործակալությունը հիշեցնում է, որ ավանդույթի համաձայն, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելում երկրի ղեկավարները, մշակույթի գործիչները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:

ՏԱՍՍ գործակալությունը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված իր հոդվածն այսպես է վերնագրել' «Երևանի հազարավոր բնակիչներ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»: «Երևանի հազարավոր քաղաքացիներ երեքշաբթի հավաքվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում: Մարդիկ, որոնցից շատերը իրենց երեխաների հետ, գնում են կարմիր և սպիտակ մեխակներ, ծաղկեպսակներ դնելու հուշահամալիրի կենտրոնի հավերժական կրակի մոտ: Միմյանց անծանոթ մարդիկ միասին հուշահամալիր են տարել 100-մետրանոց ազգային դրոշը»,- ասված է հոդվածում:

ՏԱՍՍ գործակալությունը ևս ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Ցեղասպանության 103-րդ տարելիցի միջոցառումներն անցկացվում են բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին, ինչի արդյունքում հրաժարական է տվել վարչապետ Սերժ Սարգսյանը:

«Հայաստանում հիշում են 1915թ. Ցեղասպանության զոհերին» խորագրով Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի միջոցառումներին անդրադարձել է «Միր 24» հեռուստաընկերությունը: Նշվում է, որ 1915թ. Օսմանյան Կայսրության առաջնորդների ղեկավարությամբ ոչնչացվել են Արևմտյան Հայաստանի 12 նահանգները, սպանվել է 1.5 միլիոն հայ, հարյուր հազարավոր հայեր դարձել են փախստական: Հեռուստաընկերության լրագրողը զրուցել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած Հարություն Ներսիսյանի հետ, ով նշել է, որ իր պարտքն է համարում ամեն տարի լինել հուշահամալիրում և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Ինտերֆաքս»-ը ևս անդրադարձել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին' ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող և միմյանց անծանոթ մարդիկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են տարել 100-մետրանոց ազգային դրոշը: Նշվում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, պաշտպանության, ֆինանսների, տրանսպորտի նախարարները: