Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյան շարունակելու է ծառայել երկրին: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նա անձամբ նշեց: Աղվան Հովսեփյանն անդրադարձավ նաև նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին:

«Ենթադրվում է, որ կլինեն փոփոխություններ: Փառք Աստծո, որ ուժ չկիրառվեց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աղվան Հովսեփյանը:

Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից: ՀՀ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը: Մինչ այդ, տասն օր երկրում հավաքներ ու ցույցեր էին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

«Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը»,-ասել էր Սերժ Սարգսյանը: