«Ես շնորհակալություն եմ հայտնել Սերժ Սարգսյանին, քանի որ նա շատ կարևոր որոշում ընդունեց: Ամբոխը, որ կար և մեր երիտասարդությունը բավականին շատ էր, դրա համար ուրախացել էի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնական Գոռ Վարդանյանը, ով ՍԵրժ Սարգսյանի վարչապետի պաշտոնից հրաժարական տալու օրը  շնորհավորում էր ժողովրդին:

Ի դեպ, Սերժ սարգսյանի հրաժարականից որոշ ժամանակ անց Գոռ Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջից հեռացրել է նաև վարչապետ դառնալու կապակցությամբ Սերժ Սարգսյանին ուղղված իր շնորհավորանքը։ Հարցին՝ ինչո՞ւ է ջնջել շնորհավորանքը, Վարդանյանը պատասխանեց.

 

«Իմ ֆեյսբուքյան էջի հետ աշխատողներն են աշխատել, ես տեղյակ չեմ եղել, որ ջնջել են, որի պատճառով բոլորն ազատվել են աշխատանքից»:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի՞ բարկացել Ձեզ վրա, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը դուրս եք եկել փողոց և շնորհավորել եք ժողովրդին, հարցին ի պատասխան՝ Վարդանյանն ասաց. «Ես շնորհավորել եմ իրենց, որովհետև այդ ժողովուրդը մեր ժողովուրդն է, մեր քույրիկներն ու եղբայրներն են, մեր հասարակությունն  է, ի՞նչ է, վատ բան կա՞ այդտեղ: Ուրախությունս կիսել եմ շարժման ներկայացուցիչների, երիտասարդների հետ»:

Դիտարկմանը՝ չէ՞ որ շարժումն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության և ՀՀԿ-ի էր, ինքն է՞լ է մերժում Սերժ Սարգսյանին, Վարդանյանը ևս մեկ անգամ փորձեց պատասխանել՝ շրջանցելով հարցը.

«Ես շատ մեծ շնորհակալություն հայտնեցի վարչապետին, որ հրաժարական տվեց: Ինքը չգնաց ծայրահեղ քայլերի. խնդրում եմ դրա՛ն ուշադրություն դարձրեք: Ես ժողովրդական մարդ եմ, դուրս եմ գալիս փողոց, շփվում եմ բոլորի հետ, կազմակերպում եմ սպորտային միջոցառումներ, ֆիլմեր եմ նկարում, դաստիարակում, ուղղություն եմ ցույց տալիս: Պահանջում էին՝ Սերժ Սարգսյանն էլ հրաժարական տվեց:

Ես  միշտ կողմ եմ եղել մարդկանց, ովքեր ուզել են լավ բան անել ժողովրդի համար: Այո՛, ես Տարոն Մարգարյանին վստահել եմ, նրա կողքը կանգնել եմ, բայց ես կուսակցական չեմ, անկուսակցական եմ»,- ասաց նա: 

Հիշեցնենք, որ Գոռ Վարդանյանը ընտրությունների ժամանակ միշտ ՀՀԿ-ի կողքին էր, ակտիվ սատարում էր Տարոն Մարգարյանին՝ քաղաքապետի ընտրությունների ժամանակ։ Նույնկերպ ակտիվ պաշտպանում էր նրան ավագանու նիստի ժամանակ, երբ «Երկիր Ծիրանի»-ի անդամները կոյուղաջուր էին բերել դահլիճ։ Գոռ Վարդանյանը, իր քաղաքապետին պաշտպանելու համար, այդ ժամանակ հարձակվեց ավագանու կին անդամի վրա։

Փաստորեն, Վարդանյանը մեկ օրում արագ իշխանափոխ էր եղել՝ փոխելով իր քաղաքական հայացքները։ Կարծեք թե փոշմանել է, բայց արդեն ուշ է: