Հայաստանի հանրապետական կուսակցությունը տասը տարիների կառավարման ընթացքում կարողացել է ավելի ժողովրդավարական դարձնել Հայաստանը։ Ինչպես ապրիլի 28-ին հրավիրված ճեպազրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, դրա մասին վկայեցին վերջին զարգացումները․ հենց ՀՀԿ քաղաքական կամքի և ժողովրդավարական չափանիշերի արյունքում է, որ ժողովրդական ազատ խոսքը չճնշվեց։

«Շատ եմ գնահատում մեր բոլոր գործընկերների, քաղաքացիների ազատ կամարտահայտությունը, բայց ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի նախագահական կառավարման (2008-2018թթ․) արդյունքում խոսքի ազատությունը, քաղաքացիական հասարկությունը, ժողովրդավարությունը զարգացրել են։ ՀՀԿ-ն երկիրը տարել է ոչ թե քաղաքական մենաշնորհի, այլ ժողովրդավարական զարգացման։ Հանրապետականի նախաձեռնած քաղաքական, սահմանադրական բարեփոխումների արդյունքում է, որ ներկայում ընդդիմությունն ավելի շատ իրավուքներ ունի քան նախկինում»,- ընդգծեց Շարմազանովը։

 

Նա նշեց, որ խորհրդարանում վարչապետի ընտրության գործընթացի ապագա զարգացումների վերաբերյալ այսօր պատրաստ չէ որևէ վերջնական պատասխան տալու։ Այս պահին հայտնի է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու։ Այլ թեկնածուների ծրագրերին ծանոթանալուց հետո կուսակցությունը կհայտնի դիրքորոշումը։

«Առայժմ պարզ չէ՝ քանի թեկնածու կլինի, իսկ թե ինչպես կքվեարկեն, կախված է նրանից՝ ովքեր կլինեն թեկնածուները և ինչպիսի ծրագրեր կլինեն։ Կուսակցական կարգապահությունը պահանջում է, որ խմբակցությունը պետք է լինի միասնական։ Սակայն որևէ պատգամավոր իր մանդատով կաշկանդված չէ և քվերակում է իր խղճին համապատասխան։ Իմ կարծիքով՝ ճիշտը պետք է լինի միասնական քվեարկությունը»,-ասաց կուսակցության խոսնակը։

Ինչ վերաբերում է Շարմազանովի անձնական անելիքներին, ապա նա մտադիր է շարունակել  զբաղվել քաղաքականությամբ, շարունակելու է «հպարտությամբ կրել ՀՀԿ կրծքանշանը»։