Վայոց ձորի մարզով անցնող միջպետական Մ2 ավտոճանապարհի 144-րդ կմ-ից դեպի Հերհեր և Կարմրաշեն գյուղական համայնքներ տանող ճանապարհահատվածում ճանապարհաշինական եռուզեռ է։ «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում 11 կմ-ից ավելի երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է։

ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանի հերթական աշխատանքային շրջայցն այս ճանապարհահատվածում էր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, շինարարները, ներկայացնելով աշխատանքների ընթացքը, նշեցին, որ ճանապարհի ամբողջ երկայնքով հանույթի, լիցքի աշխատանքներ են իրականացվում։ Հերհեր համայնքի հատվածում հենապատեր են կառուցվում, շուտով կսկսվեն նաև ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքները:

Բնակիչները գոհունակությամբ են հետևում աշխատանքների ընթացքին, նրանք լիահույս են, որ ճանապարհի վերականգնումը նոր հնարավորություններ կստեղծի իրենց կենցաղն ավելի բարեկեցիկ դարձնելու համար։

«Ճանապարհը կառուցելուց հետո մեզ համար շատ հեշտ կլինի Վայքի, Եղեգնաձորի հետ կապ հաստատելը: Շատ ուրախ ենք, որ մեծածավալ աշխատանքներ են տարվում»,- նշեց գյուղի դպրոցի ուսուցչուհի Աստղիկ Հակոբյանը:

Իսկ վարորդները վստահ են, որ մեքենաների վրա ծախսը կնվազի:

Ներկայում 727 բնակիչ ունեցող Հերհեր համայնքում զարգացած է գյուղատնտեսությունն ու այգեգործությունը։ Հերհերը հայտնի է նաև իր միջնադարյան կառույցներով։ Այստեղ է գտնվում 8-րդ դարից հիշատակվող Սբ. Սիոն մենաստանը՝ կազմված երկու եկեղեցուց և մատուռից, Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ թվագրված 1282-1283թթ., Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը՝ 1296թ., 8-17-րդ դարերի բազմաթիվ խաչքարեր։ Ավելի ուշ շրջանի կառույց է գյուղամիջի Սուրբ Գևորգ եկեղեցին։ Գյուղի հանդիպակաց լեռան հարավարևելյան գագաթին է գտնվում 13-14-րդ դարում կառուցված «Կապույտ» բերդը։

Հերհեր վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Աբրահամյանը վստահ է, որ նորոգված ճանապարհը կնպաստի, որ զբոսաշրջությունն այստեղ ավելի զարգանա։ Նրա խոսքով՝ նույնիսկ վատ ճանապարհով տարեկան մինչև 2500 զբոսաշրջիկ է այստեղ այցելում։

«Նախկինում անանցանելի էր ճանապարհը։ Տարիների ընթացքում մեր վաղեմի երազանքն է եղել ճանապարհի ասֆալտապատումը, որն արդեն կյանքի է կոչվում։ Համոզված ենք, որ ճանապարհի հիմնանորոգումից հետո գյուղի ապրելակերպը, կենցաղը կփոխվեն, կզարգանա զբոսաշրջությունը։ Հույս ունենք, որ ճանապարհի վերականգնումը կնպաստի նաև, որ արտագնա աշխատանքի մեկնած գյուղացիներից շատերը վերադառնան»,-ընդգծեց նա:

Համայնքի ղեկավարը գոհունակությամբ է նշում, որ շինաշխատանքներում ներգրավված են նաև գյուղի բնակիչները:

Հերհերն ունի միջնակարգ դպրոց, որտեղ 90 աշակերտ է սովորում։ Ճանապարհի հիմնանորոգման շրջանակներում նախատեսվում է նաև դեպի դպրոց տանող ճանապարհի նորոգման աշխատանքներ։

Բացի ասֆալտապահման աշխատանքներից՝ հիմնանորոգվող ճանապարհահատվածում նոր անձրևաընդունիչներ և բետոնե վաքեր կտեղադվեն, բազալտե եզրաքարերով կվերականգնվեն մայթերը, գաբիոնային շարվածքներ կիրականացվեն, կտեղադրվեն մետաղական արգելափակոցներ, կկատարվեն նշագծումներ:

2018թ. մարտի 23-ին մեկնարկած ճանապարհաշինական աշխատանքների ավարտը նախատեսված է 2019թ. փետրվարին։

Հերհեր և Կարմրաշեն գյուղական համայնքների համար կենսական այս ճանապարհը նաև ռազմավարական նշանակություն ունի։ Մ2 ավտոճանապարհի 144կմ-ից մեկնարկելով՝ այն շրջանաձև միանում է Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին։