Րոպեներ առաջ Ազգային ժողովում ավարտվեց ԱԺ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ բանակցությունների ավարտից հետո եկել են այն եզրակացության, որ արտահերթ ընտրության պետք է գնալ միայն այն դեպքում, երբ դրանք նախապես նախապատրաստված են․ «Արտահերթ ընտրության համար պետք է ընտրական օրենսգիրքը փոխել։ Սահմանադրական օրենքի փոփոխությունը ժամանակ է ենթադրում։ Ողջամիտն այն է, որ բոլոր փոփոխությունները կատարվեն: Ռեյտինգային համակարգը պետք է վերացվի, իսկ այդ փոփոխությունները ենթադրում են տեխնիկական լուծումներ»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուստամյանը։ 

 

Նա  չբացառեց, որ, հնարավոր է, որ  Կառավարության ծրագիրը չհաստատվի և նշեց, որ ստեղծված իրավիճակում որևէ բան բացառել  հնարավոր չէ․ «Մենք քննարկել ենք, որ հասկանանք, թե ողջամիտ ժամկետը որն է, հակառակ պարագայում, եթե ուզում եք շատ արագ՝ շատ արագը չըտրվելն է։ Քայլերը պետք է կատարվեն և ավարտվեն, որոնց համար ընթացակարգեր են պետք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ստեղծված քաղաքական ճգնաժամը լուծելը դառնում է հրատապ խնդիր, քանի որ Ադրբեջանը կարող է օգտվել դրանից և սրացման գնալ սահմանային գոտում։