Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ակնհայտ է համարում, որ  Հայաստանում քաղաքական ճգնաժամ, որն անհրաժեշտ է հանգուցալուծել խաղաղ և բոլորի համար ընդունելի ճանապարհով: Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ընթացքում իր ելույթում Արա Բաբլոյանն ընդգծեց, որ իրենք որոշումներ կայացնելիս ելնում են երկրի կայունությունից և անվտանգությունից: «Այն բոլոր քննադատությունները, որոնք հնչեցին ոչ միայն ընդդիմադիր, այլ նաև հենց իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից, ապացուցեցին, որ անհնար է առանց այդ թերությունները բարելավելու իրավիճակը բարելավել և երկրի առաջընթացն ապահովել: Ակնհայտ է, որ մենք գտնվում ենք քաղաքական ճգնաժամի մեջ, և անհրաժեշտ է այն հանգուցալուծել խաղաղ և բոլորի համար ընդունելի ճանապարհով»,-   ընդգծեց Փաշինյանը:

 

Դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ Արա Բաբլոյանն հիշեցրեց, որ մի քանի օր առաջ, երբ վերջինս գտնվում էր անազատության մեջ, ինքն այցելել է նրան և հետաքրքիր քննարկում են ունեցել: «Վստահ եմ, որ հիշում եք, թե ինչպես ես ասացի, որ ճիշտ չէ խոսել ժողովրդավարության մասին և միևնույն ժամանակ վերջնագիր ներկայացնել ընդդիմախոսին: Ես առաջարկեցի երկխոսել, իսկ դուք ասացիք, որ չեք կարող երկխոսել ազատազրկված վիճակում: Դուք հաջորդ օրն առավոտյան ազատ արձակվեցիք,  սակայն մինչև հիմա այդ երկխոսությունը չի կայացել: Երկխոսելու փոխարեն դուք ցանկանում եք ճնշել և պարտության մատնել մեծամասնություն կազմող քաղաքական ուժին, սակայն մեր վերջնական նպատակը ոչ թե կողմերից մեկին պարտության մատնելն է, այլ սահուն և անցնցում փոփոխություն անելն է: Ինչպե՞ս եք պատկերացնում ձայներ ստանալ առանց երկխոսության, առավել ևս ժամանակավոր կառավարություն ձևավորել, երբ ձեր ընտրվելու պարագայում ԱԺ-ում ունենալու եք մեծամասնություն կազմող ընդդիմություն: Մենք պետք է շարունակենք առաջ գնալ բանակցությունների ճանապարհով՝ ուրվագծելով մեր երկրի առաջընթացի ճանապարհներն առանց ցնցումների»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:

Արա Բաբլոյանը դիմեց այն անչափահասների և դեռահասների ծնողներին, ովքեր մասնակցում են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքներին՝ կոչ անելով զերծ պահել իրենց երեխաներին այդ հավաքներին մասնակցելուց: «Չէի ցանկանա, որ այս ամենի մեջ ներգրավվեին երեխաները: Ձեր դժգոհություններն արտահայտելիս զերծ մնացեք երեխաների՝ դպրոց գնալու և կրթություն ստանալու իրավունքի ոտնահարումից: Անկախ քվեարկության արդյունքներից մենք պարտավոր ենք շարժվել ողջամտության ճանապարհով: Սիրելի Նիկոլ, այդքան ճանապարհ ես անցել, այդքան քայլ ես արել, քեզ հարկավոր է ևս մեկ քայլ անել և հարցի հանգուցալուծումը տալ», եզրափակեց Բաբլոյանը: