ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն հակված է նստել երկխոսության և ճգնաժամը հաղթահարել. «Բայց օդանավակայանը փակելո՞վ, հազար տեսակ հարց կա, էս ի՞նչ է կատարվում, մարդիկ ճամպրուկներով Իսակովի ճանապարհ են անցնում, սա անելու բան չէ: Բացի պարալիզացնելուց երկիրը, այլ վտանգներ չեմ տեսնում։ Հասկանում եմ ժողովրդի պահանջները: Փաշինյանը չլիներ, Պողոսյանը լիներ, կարող է այս վիճակը լիներ, հարցը դրանում չէ, ուղղակի ես տեսնում եմ, որ պետք է լուծում ստանա, այսօր պարալիզացվել են բոլոր հիմնարկները»:

 

Ալիկ Սարգսյանը բացառում է, որ մեկ շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ն պառակտվի. «Առայժմ նման բան չեմ տեսնում և չեմ էլ մտածում: Ինչ բառ սկսում է «դ» տառով, այսինքն դավաճանություն, ես այդ հարցում չկամ, մոռացե՛ք»։ Լրագրողների հարցին, թե ինչ առաջարկով են երկխոսության կանչում, Ալիկ Սարգսյանն ասաց, որ չի տեսնում երկխոսության ցանկություն Նիկոլ Փաշինյանի կողմից, այլ միայն պահանջ ու ուլտիմատում: Ըստ Սարգսյանի՝ ինքը ռեալ քաղաքական գործիչ է, լավ գնահատում է իրավիճակը, գուցե մի օր այս ամենին ռեալ գնահատական կտա: «Ոչ մի քաղաքական լիդեր թող իր վրա չվերցնի, այս շարժումը, այսպես թե այնպես, մի օր պետք է լիներ, սա հասունացել էր, ես հիմա ընդամենն առաջարկում եմ՝ թող անհրաժեշտ հետևություն անեն, մի՛ ջնջեք անցյալը, հասկանում եմ երիտասարդությանը, նրանք ոչ միայն մեր ապագան են, այլ ներկան, վատ հետևանքներ կլինեն»,-ասաց նա: