Այսօր մեկնարկած համազգային գործադուլին միացել է նաև ՀՀԿ-ական պատգամավոր Վահան Հարությունյանին պատկանող «ԱՍԿԵ Գրուպ» գործարանի ողջ անձնակազմը: Բայց այդ, «Բջնի» հանքային ջրերի գործարանի աշխատակիցները ևս գործադուլ են հայտարարել ու միացել դեպի Չարենցավան մտնող ճանապարհը փակած ցուցարարներին։ Հիշեցնենք, որ գործարանը պատկանում է ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին: Տեղեկատվության կա, որ գործադուլ են սկսել նաև մեկ այլ կարկառուն հանրապետականի՝ Սամվել Ալեքսանյանի՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատակիցները:

Այս ամենն իհարկե կարող է նշանակել, որ Հանրապետական օլիգարխիան այլևս չի տիրապետում իրավիճակին և համաժողովրդական ընդզման ալիքը լրջորեն հարվածելու է նաև նրանց բիզնեսին ու գրպանին՝ էականորեն նվազեցնելով Հանրապետական կուսակցության համար «վիզ դնելու» նրանց մոտիվացիան: Մյուս կողմից, սակայն, կարելի է ենթադրել, որ վերոնշյալ կարկառուն հանրապետականները ոչ թե չեն կարող, այլ չեն ցանկանում,  ինչ-որ տեղ՝ նաև վախենում են խոչընդոտել իրենց աշխատակիցների քաղաքացիական անհնազանդության ակցիաներին, այդպիսով որոշակի հեռակա ռևերանս անելով նաև Նիկոլ Փաշինյանին և համաժողովրդական շարժման ղեկավարներին ու մասնակիցներին: Հակառակ դեպքում՝ արդեն իսկ ականատես կլինեինք թաղային խուժանի կողմից խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու, ցուցարարներին պատկանող գույքը ջարդուփշուր անելու՝ ավանդույթ դարձած պրակտիկային, իսկ ընկերությունների աշխատակիցների դեմ էլ գործի կդրվեր ռեպրեսիաների, վախի և ահաբեկման գործիքակազմը, որին այդքան փայլուն տիրապետում է Հանրապետական կուսակցությունը:

 

Այդ ամենը չկա: Չկա նաև այն պատճառով, որ օբյեկտիվորեն չի կարող այլևս աշխատել ստեղծված իրավիճակում՝ Նոր Հայաստանում: Եվ հենց փոփոխված իրականությունն է, որ անգամ Հանրապետական օդիոզ օլիգարխներին ստիպում է սանձերը թուլացնել և հեռակա կարգով, քողարկված մեսիջներ հղել վաղվա օրվա դե յուրե, իսկ այսօր՝ դեռևս դե ֆակտո իշխանությանը:

 

 

Ստելլա Խաչատրյան