Կառավարության նիստի ավարտից հետո, Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ալթունյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Կառավարության կազմում իր գործունեությանը, նշեց․ «Մենք ուրախ էինք, որ միմյանց հետ հաջողվեց աշխատել, ուրախ էինք, որ մենք բոլորս հասկացանք՝  թիմը իսկապես կայացել էր և թիմը իրար հանդեպ բարեհամբույր, բարենպաստ պայմաններ էր ստեղծում աշխատանքի ընթացքում»,-ասաց նա:

Ալթունյանը նշեց, որ իր համար դժվար է հավատալ, որ այս կազմն այլեւս միասին չի աշխատելու․ «Մարդկային կապերը խզելը տխուր նոտա է, ամեն մեկը կայացած մասնագետ է, ունի իր տեղը, բայց, իհարկե, այսպիսի կանոնավոր հանդիպումները կդադարեն», - ասաց նա:

 

Հարցին՝ ի՞նչ մաղթեց վարչապետի պաշտոնակատարը, Ալթունյանը նշեց, որ վարչապետը բոլորին շնորհակալություն հայտնեց, մաղթեց լավ ապագա բոլորին։

Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ մարդկանց դժգոհությունը վերջին մեկուկես, կամ երկու տարին չէ և նույնիսկ վերջին տասը տարին չէր կուտակված:

Հարցին՝ կաշխատի՞ Նիկոլ Փաշինյանի թիմում, եթե նման առաջարկ լինի, Լևոն Ալթունյանն ասաց, որ նման հարցի պատասխանելը նման կլինի սուրճի բաժակի շուրջ կանխատեսումներ անելուն:

«Այսօր ես այդպիսի կանխատեսումներ չեմ կարող անել, ես գիտեմ, որ այսօր մենք նախարարությունում ունենք մշակված ծրագիր, որն իրականացնելը դժվար բան չէ: Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կգա իր թիմով և ամեն ինչ նորմալ կլինի», - ասաց նա:

Անդրադառնալով իր հետագա կուսակցական գործունեությանը, նա նշեց. «Դուք գիտեք՝ հաշվի առնելով, որ իմ հանրապետական լինելը պայմանավորված է իմ կառավարությունում աշխատելով և այն բանով, որ ես հանրապետական ընդունվեցի, որպեսզի կարողանամ օգտակար լինել և «պարտիային» և ժողովրդին, ես չեմ կարող այսօր ինչ-որ ռազմավարական քայլեր, կամ կանխատեսումներ մեկնաբանել, առավելևս, դրանց ընդունման ժամանակ ես չեմ մասնակցել և չգիտեմ այդ հարցերի ամբողջ պալիտրան»: