Քաղաքագետ Արմեն Բադալյանն այն համոզմանն է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու պահից սկսած՝ նոր կարող ենք ամրագրել, որ հեղափոխությունը պաշտոնապես հաղթանակեց, իսկ մինչ այդ կատարվողն ընդամենը հեղափոխության նախաբան է։

Այս մասին այսօր ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետն՝ ընդգծելով՝ Կառավարության նոր ղեկավարի ընտրությունից հետո փոփոխություններ կլինեն շատ ՀՀԿ-ականների դիրքորոշումներում և, հետևաբար, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության մի մասը կքվեարկի այնպես, ինչպես կքվեարկի նոր ձևավորվող կոալիցիան՝ հանձինս ԱԺ ԵԼՔ, «Ծառուկյան» դաշինքների ու ՀՅԴ-ի, և փաստացի, կստացվի, որ ՀՀԿ-ն քվեարկում է Կառավարության նպատակահարմարությամբ։ 

 

«ՀՀԿ-ին բավականին թուլացնում է այն ատելությունը, որը խորանում է հասարակության մոտ այդ պատգամավորների նկատմամբ»,-նկատեց  Բադալյանը։

Անդրադառնալով ՀՀԿ-ի ֆինանսական հիմնասյուն համարվող օլիգարխիային և նրանց դիրքորոշումների փոփոխությանը՝ Արմեն Բադալյանը նկատեց․ «ՀՀԿ-ականների այն մասը, որոնք ունեն բիզնեսներ, իսկ նրանց քանակը շատ է, չեն ցանկանա նոր իշխանությունների դեմ լինել, քանի որ ՊԵԿ-ն ու ներքին գործերի նախարարությունն անցնում է Փաշինյանի ձեռքը, իսկ դրանք կառույցներ են, որոնք մշտապես ազդում են գործարար միջավայրի վրա»,-ասաց Բադալյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ի օլիգարխիան չի ցանկանա ՊԵԿ-ի հսկողության տակ անցնել, ուստի դեմ չի լինի Նիկոլ Փաշինյանի ձևավորած Կառավարությանը։ 

«Այս պահին ՀՀԿ-ում դրված է ՀՀԿ-ի փլուզման հարցը։ Հիշենք, որ ՀՀԿ-ն հիմնված էր երեք ճյուղերի վրա՝  վարչական, որն այսուհետ չեն ունենա, ֆինանասական, որից կզրկվեն, և կրիմինալը, որը կանցնի ոստիկանության տոտալ վերահսկողության ներքո։ Առանց այդ երեք ռեսուրսների՝ ՀՀԿ-ն պարզապես չկա, գոյություն չունի»,-ասաց նա։

Անդրադառնալով ՀՀԿ-ի երեկվա՝ շրջադարձային  հայտարարության  պատճառներին, Բադալյանն առանձնացրեց երկուսը․ «Հույս ունեին, որ Գագիկ Ծառուկյանին ամսի 8-ի համար կառաջադրեին վարչապետի թեկնածու, հույս ունեին  վարչապետի առաջին ընտրությունը տապալելուց հետո հիասթափություն առաջացնել հասարակության մեջ․ այդ հույսերը չարդարացան, ինչն էլ բերեց նման հայտարարության»,-ասաց նա։ 

Արմեն Բադալյանը խոսեց նաև վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գործոնի մասին և նշեց, որ Կարապետյանն ի սկզբանե մեծ խնդիրներ ուներ ՀՀԿ-ի հետ, և որպես քաղաքական ֆիգուր պարտվեց քաղաքականությանը, քանի որ վարչապետի պաշտոնը մենեջերի պաշտոն չէ, իսկ Կարապետյանը եկել էր որպես մենեջեր: 

«Նա ընդամենը ժամանակավոր պաշտոնակատար է, և ՀՀ-ի քաղաքական ապագա կյանքում տեղ չունի, նա կուսակցական գործիչ չէ, խիստ կասկածելի է  նաև՝ ՀՀԿ-ն նրան կպահի, թե ոչ, հարց է նաև՝ արդյո՞ք Կարապետյանը կցանկանա մնալ մահացած ուժի ղեկավար»,-խոսքն ավարտեց Բադալյանը։ 

 

 Աղավնի Սուքիասյան