Հայաստանի վարչապետի թեկնածու, Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանում մի շարք դեսպանների հետ: Պատգամավորը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ հանդիպումներ է ունեցել Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ:

«Դեսպաններին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին: Նաև քննարկեցինք հարաբերությունների օրակարգին վերաբերվող այլ հարցեր։ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպումները կշարունակվեն»,- նշել է Փաշինյանը:

Ազգային ժողովում մայիսի 3-ին վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը: Թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելիի կողմից:

Խորհրդարանում վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին, ժամը 12:00-ին Ազգային ժողովի հատուկ նիստում: ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ այս անգամ ևս թեկնածու չի առաջադրելու և սատարելու է պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին: