«Նիկոլ Փաշինյանի թիմն ունի կադրային խնդիր: Փաշինյանն ունի քաղաքական լուրջ էքսպերտների, քաղաքական լուրջ կուսակցությունների սատարման և աջակցման մեծ խնդիր: Նիկոլ Փաշինյանի կողքին չկան նաև քաղաքականության մեջ մեծ հեղինակություն ունեցող անձեր: Այս խնդիրը շատ արագ պետք է լուծել և կառավարման վերին օղակները պետք է ամբողջությամբ լցնել նոր կադրերով, իսկ ներքին օղակները՝ գյուղապետեր և այլն, կարելի է թողնել նույնը»,-մայիսի ութից հետո նոր ձևավորվող Կառավարության կազմի մասին խոսելիս, իր մտահոգությունները հայտնեց Կովկաս ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը:

 

Անդրադառնալով կառավարման համակարգը օլիգարխիայից ազատելու՝ Փաշինյանի հայտարարությանը՝ Իսկանդարյանը նկատեց, որ այս հարցում օլիգարխները դիմելու են «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակցությանը:

«Թե ինչ կերպ է օլիգարխիայի և քաղաքականության սերտաճման հարցը լուծվելու, ես այս պահին չեմ կարող ասել, բայց այն, որ բիզնեսի ներկայացուցիչներն անպայման կդիմեն Նիկոլ Փաշինյանին սատարող Գագիկ Ծառուկյանի օգնությանը՝ դա հաստատ է»,-ասաց Իսկանդարյանը:

Կովկաս ինստիտուտի տնօրենը խոսեց նաև ՀՀԿ-ական պատգամավորների վարած քաղաքականության մասին և նկատեց, որ պատգամավորներն իրենց պահվածքով ընդամենը փորձում էին պահել իշխանությունը բոլոր հնարավոր տարբերակներով և երկխոսությունները գնում էին միայն այդ հարցին շուրջ: Մյուս կողմից՝ կար երկրորդ հանգամանք. «Մայիսի մեկին հանրապետականներն աշխատեցին որպես իդեալական ընդդիմություն, իսկ Փաշինյանը իշխանությունն էր, և նրա վրա հարձակումը դրա մասին էր փաստում»:

Լրագրողներն Իսկանդարյանից հետաքրքվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի և քոչարյանական թևի ակտիվացման պատճառների մասին: Հարցին ի պատասխան՝ Իսկանդարյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանը քաղաքականության մեջ չկա»:

Ալեքսանդր Իսկանդարյանը շատ կարճ պատասխանեց նաև Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմական իրավիճակում որոշումներ կայացնելու ունակությանը.

«Մայիսի ութից հետո ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատար կդառնա Նիկոլ Փաշինյանը, իսկ նրա իմացությունների ու հնարավորությունների մասին չեմ պատրաստվում խոսել: Վստահ եմ՝ նրան նախապես պետք չէ գանահարել»: