«Իմ քայլը» շարժման ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր շարժման ընթացքում խոսում էր արտահերթ ընտրությունների և այդ ընտրություններին բարեփոխված Ընտրական օրենսգրքով գնալու կարևորության մասին։ Սակայն, եթե մայիսի 8-ին խորհրդարանը վարչապետ է ընտրում Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ կարող են և չանցկացվել: Հենց այդ մասին էր երեկ ակնարկում ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, երբ նշում էր, որ ինքն անձամբ՝ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո չի տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների որևէ անհրաժեշտություն: Իսկ սա նշանակում է, որ ՀՀԿ-ն բացահայտում է մայիսի 8-ից հետո իրենց կողմից խաղարկվելիք սցենարը:
 
Եթե մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, մեկ տարի հետո պատգամավորները ձայների առնվազն 1/3-ով իրավունք կունենան նրան անվստահություն հայտնել։ Այս պարագայում,Սահմանադրության 115-րդ հոդվածի ուժով, պատգամավորները պետք է ներկայացնեն նախագիծ՝ միաժամանակ առաջարկելով նոր վարչապետի թեկնածուի։ Վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Ընդ որում՝ այս պարագայում չի գործում Սահմանադրության 149-րդ հոդվածով վարչապետի ընտրության կարգը, այսինքն՝ խորհրդարանի ուժերը չեն կարողանա սեփական թեկնածուներին ներկայացնել ու քվեարկել։ Այդ սցենարով առաջնորդվելիս՝ ՀՀԿ-ն բոլոր հնարավորություններն ունի Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց մեկ տարի անց նրան անվստահություն հայտնել և նշանակել իր թեկնածուին՝ որպես վարչապետ։
 
Մյուս տարբերակը՝ ՀՀԿ-ն ամեն գնով փորձելու է պահել գործող ընտրական օրենսգիրքը՝ այն պարագայում, երբ Փաշինյանը հայտարարել է այն բարեփոխելու հրամայականի մասին: Ինչպե՞ս կարող է փոփոխվել Ընտրական օրենսգիրքը: Այն սահմանադրական օրենք է, որի փոփոխության համար հարկավոր է խորհրդարանի պատգամավորների առնվազն 3/5-ի քվեն: 105 հոգանոց Ազգային ժողովում հարկավոր է 63 կողմ ձայն։ ԵԼՔ-ը, «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն ներկայում խորհրդարանում ունեն 47 քվե։ Այսինքն, առանց ՀՀԿ-ի չեն կարող փոփոխել օրենսգիրքը։ Ընտրական օրենսգրքում հատկապես խնդրահարույց է, այսպես կոչված, ռեյտինգային համակարգը, երբ համամասնական ցուցակներից բացի՝ յուրաքանչյուր ընտրատարածքում ներկայացվում են առանձին ցուցակներ, և տարածքի հեղինակություններն սկսում են պայքարել ընտրվելու համար՝ դրանով իսկ ձայն բերելով կուսակցությանը։ Եթե չի փոխվում Ընտրական օրենսգիրքը, ապա մեծ է հավանականությունը, որ օգտվելով վերը նշված լծակներից, ՀՀԿ-ն նորից կվերարտադրվի:
 
Միևնույն ժամանակ, արտահերթ խորհրդարանական ընտրություններն իրապես օրվա հրամայականն են այն պարզ պատճառով, որ դրանց չկայացման դեպքում երկիրը բախվելու է քաղաքական կոլապսի: Բնական է, որ ԱԺ-ում 9 պատգամավոր ունեցող անձը չի կարողանալու լիարժեք կերպով իրականացնել վարչապետի գործառույթները; Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ անգամ այդ 9 պատգամավորներից ոչ բոլորն են ներկայացնում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. այստեղ առկա են նաև «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների պատգամավորները, որոնք, ինչպես գիտենք՝ Փաշինյանի հետ տարբեր ճանապարհներով գնալու «փորձ» արդեն իսկ ունեն: Հետևաբար, մայիսի 8-ից հետո, ընտրված վարչապետի համար պետք է օրակարգային գերխնդիր դառնա քաղաքական լայն պակտի միջոցով ձախողել «Հայաստանի Հանրապետական» կուսակցության հերթական ծրագիրը:
 
 
Ստելլա Խաչատրյան