Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններում սատարել ժողովրդի թեկնածուին, այն է՝ Նիկոլ Փաշինյանին: Եթե չլինեն նոր ֆորս-մաժորներ, ապա ամսի 8-ից հետո Հայաստանը կունենա նոր վարչապետ և բավականին ուշագրավ իրավիճակ՝ խորհրդարանում, երբ ընդդիմությունը մեծամասնություն կկազմի: Շատերի կարծիքով՝ այդ իրողությունը կարող է լուրջ գլխացավանք դառնալ Նիկոլ Փաշինյանի նոր կառավարության համար, քանի որ գործադիրի կողմից խորհրդարան բերված ցանկացած օրենքի նախագիծ և առաջարկություն կարող է տապալվել պարզ մեծամասնության քվեարկությամբ:

 

Սակայն չպետք է մոռանալ, որ Հանրապետական կուսակցությունը բնավ էլ այն միասնական և կուռ գաղափարաքաղաքական կառույցը չէ, ինչպիսի փորձում է ներկայանալ հանրությանը: ՀՀԿ-ն տեսականորեն ներկայացված է երկու թևով՝ քաղաքական թևը և քրեաօլիգարխիան, որը մշտապես ապահովել է քաղաքական թևի վերարտադրությունը, բնականաբար՝ հետապնդելով սեփական տնտեսական շահը: Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո Հանրապետական կուսակցության ներսում այս բաժանումը գործնականում առավել ցայտուն կերպով է արտահայտվելու այն պարզ պատճառով, որ Հանրապետական օլիգարխիան մշտապես էլ հակված է եղել դեպի նրան, ով տիրապետում է վարչական ռեսուրսին: ՀՀԿ-ական օլիգարխների տրամադրվածությունն այսօր ավելի ցայտուն դրսևորվեց այն բանից հետո, երբ Սամվել Ալեքսանյանը բացահայտ հայտարարեց, որ մայիսի 8-ին կողմ է քվեարկելու Փաշինյանին, իսկ մեկ այլ ՀՀԿ-ական օլիգարխ՝ Արկադի Համբարձումյանը, նույն ինքը՝ «Դերժավի Արկադին»՝ խուսափողական պատասխան տվեց իր քվեարկության մասով, միևնույն ժամանակ՝ ՀՀԿ քաղաքական թևի ներկայացուցիչների նման կոշտ հայտարարություններ չանելով և կամուրջները չայրելով Փաշինյանի հետ հետագա համագործակցության համար:

Եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես կանխատեսվում է՝ այդ ռեսուրսն անցնելու է Փաշինյանի ձեռքը: Եթե դիտարկենք, որ «Ծառուկյան», ԵԼՔ դաշինքները և ՀՅԴ-ն, այնուամենայիվ, կհամագործակցեն կոալիցիոն ֆորմատով, թեկուզև ժամանակավոր, նման կոնֆիգուրացիան Փաշինյանին կտա առնվազն 50 կայուն քվե խորհրդարանում: Դրան անշուշտ կգումարվեն հանրապետական օլիգարխիայի ձայները, որը շարունակելու է առաջնորդվել սեփական շահով: Այդ պարագայում Փաշինյանի խնդիրը հեշտանում է, և գրեթե կասկած չկա, որ նրան կհաջողվի առնվազն մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը խուսափել քաղաքական նոր ճգնաժամից: Սա իհարկե չի նշանակում, որ եթե հանրապետական օլիգարխները անցնեն Փաշինյանի կողմը, նրանք շարունակելու են օգտվել նույն արտոնություններից և կամ շարունակելու են իրենց վեր դասել օրենքից: Հակառակ պարագայում՝ համաժողովրդական շարժման հաղթանակը կմնա թղթի վրա: Ինքը՝ Փաշինյանը հայտարարել է, որ ցանկացած աջակցություն պետք է լինի առանց նախապայմանների, ինչը ինքնին՝ մեսիջ էր Հանրապետականի օլիգարխիկ թևին:

 

 

Ստելլա Խաչատրյան