Hetq.am-ը գրում է.

 

«Մայիսի 1-ին՝ դեռ առավոտից 78-ամյա Վրանուհի Գեւորգյանը (Լեյլա տատիկը) հանրահավաքի առաջին շարքերում էր։ Լուսանկարեցի, դուրս եկա տարածքից։ Հետո արդեն կեսօրն անց էր, երբ նորից շրջում էի հանրահավաքի մասնակիցների միջով, ու առաջին շարքում էլի ինքն էր՝ անշարժ, ուշադիր լսում էր ԱԺ նիստի հարց ու պատասխանն, ու աչքերի արտահայտությունը փոխվում էր։ Ժամերի ընթացքում նա հայտնվեց լուսանկարիչների, ցուցարարների ուշադրության կենտրոնում, իսկ ավելի ուշ սոցցանցերն արդեն «Լեյլա» անունի կողքին դրեցին «հեղափոխական տատիկ», «հայոց տատիկ», «բոլորիս մեծ մամա» նշագրումները։

 

Արդեն երեկոյան գործընկերներս լուսանկարեցին Լեյլային՝ արեւից այրված այտերով, ժպիտը դեմքին։

 

Տասը ժամից ավելի Հանրապետության հրապարակում գտնվող շատերին հուզած տատիկը տարիներ շարունակ մասնակցում է ցույցերի եւ հանրահավաքների՝ ամեն անգամ ոտքով հատելով կիլոմետր ձգվող ճանապարհը, որը նրան բերում է կենտրոն։