Հայաստանում բողոքի ցույցերը շարունակվում են: Քաղաքացիներն այսօր էլ պահանջում են Շիրակի պետական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մի­նասյանի հրաժարականը:

Ի թիվս բազմաթիվ քաղաքացիների, ողոքի ակցիային մասնակցում են նաև Մինասյանի կողմից աշխատանքից ազատված դասախոսները: Նրանցից Գագիկ Համբարյանը ելույթ ունեցավ, որի ժամանակ փաստերով ներկայացրեց Մինասյանի անօրինական գործունեության մասին:

 

«Սահակ, հեռացի՛ր». բացականչում են բուհի մոտ հավաքված քաղաքացիները:

Նկատենք, որ քաղաքացիների զայրույթն է առաջացրել նաև պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի և դասախոսներ Գագիկ Համբարյանին ու Հովհաննես Խորիկյանի աշխատանքից ազատումը:

Ռեկտոր Սահակ Մինասյանն աշխատանքից ազատել է համալսարանի Գիտական քաղաքականության եւ արտաքին համագործակցության կառավարման  կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին՝ լուծելով վերջինիս հետ 2011 թվականի օգոստոսի 31-ին անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքից ազատման հիմք է նշվել համալսարանում կատարվելիք կառուցվածքային փոփոխությունները: 

Այս առթիվ գրառում է կատարել նաև համալսարանի նախկին ռեկտոր, այժմ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը.

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,

արդեն երկու տարի է, ինչ հիմնահատակ քանդվում է Շիրակի մայր բուհը: Բուհ, որն ունի 85 ամյա պատմություն, բուհ, որի պատերի ներքո կրթվել ու դաստիարակվել է Շիրակի մարզի ցանկացած ընտանիքից գոնե մեկ անդամ, բուհ, որը մեր ավագները վստահել են մեզ և Ձեզ: 

Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, աշխատակիցներ, շիրակցիներ, խնդրում եմ համախմբվել և փրկել բուհը: 
Ես ձեր կողքին եմ, ձեր կողքին եմ որպես պատգամավոր, ձեր կողքին եմ որպես բուհի համար սրտացավ մարդ: Բուհը իմն է, բուհը Ձերն է, բուհը հեռացված դասախոսներինն է, բուհը բոլորինս է:

Կոչ խնդրանք. Համախմբվե՛լ և պահանջե՛լ ռեկտորի հրաժարականը:

Հ.Գ. Այսօր առավոտյան ես չեմ կարող միանալ ձեր շարժմանը, բայց հուսամ, որ մինչև օրվա վերջ կլինեմ ձեր կողքին»: