Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցի ուսուցիչները արդեն 20 օր է չունեն տնօրեն։ Ուսուցիչները անհանգստացած են, որ իրենց դպրոցի համար այլ տնօրեն են բերում։ Ըստ ուսուցիչների տեղեկությունների՝ նոր տնօրենը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի մորաքույրն է, ում իրենք չեն ճանաչում։ Այս մասին գրում է Ա1+-ը:

Ֆիզիկայի ուսուցչուհի Սուսաննա Հակոբյանը նշում է.

«33-րդ տարի է աշխատում եմ այստեղ։ Մեր բողոքը առաջացավ ամսի 16-ին երբ մեր տնօրենի 65 տարին լրացավ և նա անցավ թոշակի։ Առայժմ մենք ոչ մի փոխարինող չունեն, անգամ ժամանակավոր պաշտոնակատար»։

Ուսուցիչները բողոքում են, որ իրենց փոխտնօրենի՝ Լիանա Մուրադյանի թեկնածությունը չի ընդունվում և իրեն չեն նշանակում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար անհասկանալի պատճառներով։

«Ուսումնական գծով փոխտնօրենը շատ պահանջկոտ, խիստ իր գործի լավ գիտակ է, ունի գիտական աստիճան»,-ավելացնում է Սուսաննա Հակոբյանը։

Ամբողջ ուսուցչական կոլեկտիվն ու ծնողկեմիտեն ցանկանում է, որ իրենց տնօրենը լինի Լիանա Մուրդյանը։ Գրավոր և բանավոր դիմել են քաղաքապետարան։

«Բազմիցս դիմել ենք քաղաքապետարան առ այն, որ մենք ցանկանում ենք, որ մեր դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարը լինի Լիանա Մուրադյանը։ Բայց արձագանք չկա։ Հետո լսեցինք և իմացանք, որ այլ մարդու են ուզում բերել ու դրանից ավելի բորբոքվեցինք»,- ասում է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհար Կիրակոսյանը։

Ուսուցիչները հստակ ուզում են նշել, որ իրենք անհատապես խնդիր չունեն նոր թեկնածուի հետ։

«Մենք կոնկրետ նպատակ չունեն այդ անձնավորության դեմ, որ ասենք թող սա չլինի, լավ մեկ ուրիշը գա։ Մենք դրսից չենք ուզում տնօրեն։ Ներսից մեր թեկնածուին ենք ուզում, որը ի վիճակի է մեզ ղեկավարելու, ով գիտի բոլոր խնդիրները»,-ավելացնում է Խաչատրյան Սյուզաննան։

Նա նաև հավելում է, որ եթե ուզում են օգուտ տալ դպրոցին, թող վերանորոգեն դպրոցը և անտերության չմատնեն։