ՀՀԿ խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունից հայտնում են, որ բացառությամբ Տավուշի մարզի ընտրատարածքային ցուցակով ընտրված անկուսակցական պատգամավոր Գրիգոր Ավալյանի, ՀՀԿ խմբակցության պատգամավորներից և ոչ ոք իր մանդատը վայր դնելու մասին հայտարարություն չի արել:

Գրիգոր Ավալյանը, օգտվելով Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորություններից և իրավունքներից, ինքնակամ, առանց որևէ պարտադրանքի կամ հարկադրանքի որոշում է կայացրել հրաժարվել մանդատից: Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության մյուս պատգամավորներին, ապա նրանք վայր չեն դրել մանդատը և չեն էլ պատրաստվում: Սահմանադրական իրենց իրավունքների համաձայն ազատ են և անկախ աշխատելու որպես պատգամավոր, քվեարկելու և որոշումներ կայացնելու՝ իրենց մտքին, խղճին և համոզմունքերին համապատասխան»:
Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահը կոչով դիմել էր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և պատգամավորներին: