Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ «Իմ քայլը» համաժողովրդական շարժման օրերին ադրբեջանական քարոզչամեքենան փորձում էր Հայաստանում ստեղծված իրավիճակը որպես քաոսային ներկայացնել, բայց պատմության մեջ առաջին անգամն էր, երբ ադրբեջանական բանակը չօգտվեց Հայաստանի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցող լարվածությունից և անկայունությունից և սահմանային լարում չսադրեց, և դա՝ շնորհիվ նաև տեղեկատվության մատուցման:

Ըստ Մարտիրոսյանի,  սակայն, դեպի դուրս տեղեկատվության տալու համար սոցցացնցերը նույն խնդիրն ունեցան, ինչ որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ. «Հայաստանյան մամուլը սթրեսային իրավիճակներում լավ է աշխատում դեպի ներս տեղեկատվություն տալու համար, բայց չի հասցնում անգլալեզու և ռուսալեզու տեղեկատվություն տալ: Բացի սփյուռքից՝ պետք է հաշվի առնեինք ռուսաստանցիներին ու եվրոպացիներին: Իրադարձությունները փոխվում են ամեն ժամ, մամուլը ուշ էր թարգմանվում, թարգմանությունների հետ կապված էլ բովանդակային խնդիր կար: Պետք է հաշվի առնեինք՝ Հայաստանի ներքաղաքական կյանքով ոչ ոք չի հետաքրքրվել, անուններ կան, որոնց դրսում ծանոթ չեն, և պետք էր բացել այդ ամենը, ենթատեքստերը հասկացնել, միայն ուղիղ թարգմանելով չէ»,- ասաց Մարտիրոսյանը:

 

Անդրադառնալով կեղծ լուրերին՝ մասնագետը նկատեց, որ կային ադրբեջանական փորձեր, նրանց կուսակցական երիտթևն ու ֆեյքերն են, որոնք «Թվիթեր»-ում փորձում էին Հայաստանը վարկաբեկել, բայց դրանք պասիվացել էին, կարծում եմ՝ սրա պատճառն այն էր, որ իրենց շրջաբերականներն ուշանում էին: «Մյուսը՝ ռուսաստանյան շովինիստական թևն է, դրանք մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը ոչ մի ձևով չէին մտնում լրատվական դաշտ, սակայն երբ իրավիճակը սրվեց, նրանք դա ներկայացնում էին որպես մութ ուժերի կողմից դավադրություն»: