Հայաստանի Հանրապետական խմբակցության և Նիկոլ Փաշինյանի համագործակցությունը լավագույն տարբերակը կլինի Հայաստանի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Եթե ՀՀԿ խմբակցությունը հետևի իր խոստմանը և աջակցի Նիկոլ Փաշինյանին վարչապետ դառնալու հարցում, ապա երկրում կտիրի երկիշխանություն, քանի որ վարչապետի աշխատակազմը, նախարարական կազմը, նրա ծրագիրը, ծրագրի իրականացման ընթացքը և արդյունքները գնահատելու է Ազգային ժողովը: Նախարարների, նրանց տեղակալների նշանակումը միայն ՀՀ վարչապետի գործառույթը չէ, վերջին հաշվով այդ ամենը պետք է հաստատվի Խորհրդարանի կողմից: Քանի որ Խորհրդարանը մնում է ՀՀԿ-ի մեծամասնության հսկողության տակ, ապա նրա շրջանակում պետք է գործի ապագա վարչապետը»,- նշեց Ադիբեկյանը:

 

Թե ինչ ակնկալել երկիշխանությունից, սոցիոլոգն ընդգծեց, որ լավագույն տարբերակը կարող է լինել, եթե երկու ընդդիմադիր կողմերը համաձայնության գան և լուծեն երկրի առջև դրված խնդիրները: «Խնդիրները հիմնականում կապված են աշխատատեղեր ստեղծելու, նպաստների բարձրացման և արտագաղթի կանխման հետ: Վարչապետի աշխատանքի արդյունավետությունը գնահատում է նախարարությունների աշխատանքի արդյունավետությունը: Եթե նախարարները լինեն ՀՀԿ-ից և վատ աշխատեն, ապա վարչապետը շատ ցածր վարկանիշ կունենա և նրան ստիպված կլինեն հեռացնել»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը: