Եթե երիտասարդների ու ոստիկանների միջև որևէ բախում գրանցվեր, ապա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կկանգներ նրանց երկուսի արանքում՝ դա թույլ չտալով նման միջադեպեր: Նման դիտարկում ՀՀ նախագահն արել է «Էխո Մոսկվիի»-ն տված հարցազրույցում:

«Իմ համակրանքը մշտապես ժողովրդի կողմն է: Եթե ժողովուրդը կանգնած է հրապարակում, ապա ես պետք է այնտեղ լինեմ: Եթե ժողովուրդն առաջնագծում է՝ ես պետք է այնտեղ լինեմ: Ես այլ լծակ չունեմ, և ամենայն հավանականությամբ չեմ էլ ունենա: Այդպիսին է մեր Սահմանադրությունը, ես չեմ այն գրել: Սակայն երբ ես համաձայնվում էի, գիտեի, թե ուր եմ գալիս»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:

 

Նա շեշտել է, որ տարիների ընթացքում որոշակի լարվածություն է կուտակվել, որը տարբեր դրսևորումներ է ստացել: «Կարելի էր երկիրը փոխել էվոլյուցիոն ճանապարհով, կամ կարելի էր դա անել այնպես, ինչպես եղավ: Հենց այդ պատճառով էլ սա ինձ ինչ-որ իմաստով չզարմացրեց: Զարմացրեց գործընթացի արագացվածությունը»,- ասել է ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանն ընդգծել է նաև, որ Հայաստանը փոքր պետություն է, սակայն հայ ազգը համաշխարհային ազգ է, ինչն էլ մեր երկրի առավելությունն է: «Ուստի Հայաստանն իրականում կարող է դառնալ շատ հաջողակ պետություն: Դինամիկ երկիր, որը նայում է ապագային՝ 21-րդ դարի երկիր՝ օգտագործելով այն հսկայական ներուժը, որ մենք ունենք»,- նշել է Արմեն Սարգսյանը: