Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում  իր ելույթում նշեց, որ այս օրվա ամբողջ ընթացքը մի տեսակ տոնական չի, անհավես է, դրա համար՝ ինքը որոշեց խոսել և շնորհավորել բոլորին Շուշիի ազատագրման և Երկրապահի օրվա կապակցությամ: 

Այնուհետև, Սարգսյանը, դիմելով պատգամավորներին, նշեց, որ բոլորի համար ակնհայտ է և պարզ, որ ժողովուրդն իր իշխանության իրացումն ուզում է տեսնել Նիկոլ Փաշինյանի միջոցով: 

 

«Հանրապետական կուսակցության իմ գործընկերներին շատ լավ հասկանում եմ և ուզում եմ ասել, որ սիրո և հանդուժողականության հեղափոխությունը կարող է լինել ձերը: Անսխալական քաղաքական ուժ գոյություն չունի: Ես հույս ունեմ, որ այն կառուցողական մոտեցումը, որը դրսևորել եք, դրսևորելու եք նաև հետայսու՝  Ընտրական օրենսգրքի փոփոխության ժամանակ»: 

Արամ Սարգսյանը նաև նկատեց, որ այսօր նաև ՀՀԿ-ական  որոշ պատգամավորների տոնն է և շնորհակալություն հայտնեց նրանց՝ թավշյա հեղափոխության անարյուն ավարտի համար: