Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ԵԽ գրասենյակից:

«Հայաստանի խորհրդարանի կողմից այսօր կայացված որոշումը ցույց է տալիս, որ սահմանադրական բարեփոխումը, որն իրականացվում է մեր կազմակերպության օգնությամբ, սկսում է կյանքի կոչվել: Այս գործընթացը պետք է շարունակվի՝ համաձայն հայ ժողովրդի ցանկությունների:

Եվրոպայի խորհուրդը պատրաստ է ցուցաբերել հետագա աջակցություն Հայաստանի իշխանություններին այս շատ կարևոր գործընթացում՝ հիմնված մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության վրա»,- ասվում է Յագլանդի հայտարարության մեջ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: