«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում սահմանադրական ճգնաժամ է ստեղծվել: ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածով նախատեսված կարգով` խորհրդարանում այսօր կայուն մեծամասնություն ունի Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Սակայն համաժողովրդական շարժման ճնշման արդյունքում ՀՀ վարչապետ ընտրվեց ոչ թե խորհրդարանական կայուն մեծամասնության թեկնածուն, այլ ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, իհարկե, նույն այդ մեծամասնության օժանդակությամբ: Եւ դրանից հետո խորհրդարանական կայուն մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն` հանձինս կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի, երեկ հայտարարեց ընդդիմադիր դառնալու մասին:

 

Սա, համաձայնեք, քաղաքագիտական նոնսենս է. չի կարող խորհրդարանական կայուն մեծամասնություն ունեցող ուժը լինել ընդդիմություն: Ավելին` այդ կուսակցությունը, միեւնույն է, ԱԺ-ում շարունակում է պահպանել ղեկավար պաշտոնները. ո՛չ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ո՛չ էլ ՀՀԿ-ական երկու փոխնախագահները՝ Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը, հրաժարական չեն ներկայացրել ու չեն էլ ներկայացնի, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները:

Ու Ըստ էության Հայաստանում ստացվում է հակասական վիճակ. իրեն ընդդիմադիր հռչակած ՀՀԿ-ն խորհրդարանում, այնուամենայնիվ, լինելու է իշխանության կազմում` ղեկավարելով օրենսդիր իշխանությունը: Իսկ գործադիր իշխանությունը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը, որը նույն այդ խորհրդարանում այս պահին չունի մեծամասնություն, հետեւաբար չունի կայուն հենարան, հետեւաբար նա կաշկանդված է լինելու իր ծրագրերն իրականացնելիս օրենսդրական փոփոխությունների միջոցով իրավական անհրաժեշտ հիմքեր ստեղծելու առումով:

Բայց, դե, հիշեցնենք` գործող Սահմանադրությունը ժամանակին գրվեց Սերժ Սարգսյանի «հագով», որպեսզի նա նախագահական լիազորությունների ավարտից հետո շարունակեր պաշտոնավարումը որպես վարչապետ, որպես երկրի փաստացի ղեկավար: Եւ այն ժամանակ «սահմանադրության հայրերի» եւ, ընդհանրապես, որեւէ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ Հայաստանում կարող է նման իրավիճակ ստեղծվել: Մեկ արձանագրում էլ. ՀՀԿ-ն լեգիտիմ չէր որպես իշխանություն, ՀՀԿ-ն լեգիտիմ չէ նաեւ որպես ընդդիմություն: Ասել է, թե լեգիտիմության բացակայությունն այս քաղաքական ուժին «հետապնդում է» ամենուր:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: