«Հանրապետականը մնում է իր դիրքորոշմանը: Մենք պետք է անենք ամեն ինչ՝ հանուն մեր երկրի կայունության և ժողովրդի բարօրության: Եթե կան քայլեր, որոնք ՀՀԿ-ն կատարում է, նշանակում է հանուն երկրի կայունության և ժողովրդի բարօրության է անում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Անդրադառնալով հարցին՝ ինչու երեկ ԱԺ-ում վարչապետ ընտրվելուց հետո չշնորհավորեց Նիկոլ Փաշինյանին, Բաբլոյանը փորձեց արդարանալ. «Չշնորհավորեցի, որովհետև ուղղակի չթողեցին՝ ծափ տվեցին և իրեն հրավիրեցին»,,- ասաց նա։

 

Դիտարկմանը՝ արդյոք պատրաստվո՞ւմ է այսօր շնորհավորել, Բաբլոյանը պատասխանեց. «Ես շնորհավորում եմ, որովհետև դա ընդունված է քաղաքակիրթ երկրներում ու հասարակություններում և այո՛, մեկը մյուսին պետք է շնորհավորի»:

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: Սակայն նկատելի էր հանրապետական պատգամավորների սրընթաց հեռանալը Աժ նիստերի դահլիճից, որն առաջինը լքեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Փաշինյանին չշնորհավորեց նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: