Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է  Աղվան Վարդանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ արձանագրությունը: ԱԺ նախագահի ստորագրած արձանագրությունում ասված է. «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Աղվան Վարդանյանի` պատգամավորի լիազորությունները»:

Աղվան Վարդանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է գրել մայիսի 2-ին այն բանից հետո, երբ հրաժարվեց մասնակցել մայիսի 1-ին Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի ընտրության քվեարկությանը: ՀՅԴ-ն վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկելու որոշում ուներ, սակայն Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը, իսկ եթե կուսակցությունը պահանջի, պատրաստ կլինի վայր դնել մանդատը: Դրան հաջորդեց ՀՅԴ ԳՄ հայտարարությունը, որով Աղվան Վարդանյանից պահանջվում էր վայր դնել պատգամավորական մանդատը: Աղվան Վարդանյանը նաև հեռացվել է ՀՅԴ-ից: