Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը մարտի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Լևոն Երանոսյանը կազատվի նաև ոստիկանության զորքերի պետի պաշտոնից», - ասաց Փաշինյանը։
Երանոսյանի անվան հետ բազմաթիվ աղմկահարույց միջադեպեր են կապված։ 2017 թվականի մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում բախում էր տեղի ունեցել փոխոստիկանապետի եղբոր ու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների միջև։ Երկու օր անց միջադեպն ավելի էր բորբոքվել․ դաշինքի երեք համակիրներ տարբեր վնասվածքներով՝ այդ թվում հրազենային, տեղափոխվել էին հիվանդանոց։ Հրապարակված տեսանյութերից պարզ էր դառնում, որ միջադեպին մասնակցել է նաև Լևոն Երանոսյանը։

Եվս մեկ սկանդալային պատմություն էր տեղի ունեցել այս տարվա ապրիլին՝ բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։ Տեսախցիկներն արձանագրել էին, թե ինչպես է Երանոսյանը մոտենում ընդդիմադիր պատգամավոր Սասուն Միքայելյանին և սպառնում նրան ու հայհոյում։