«Հրապարակ» թերթը գրում է.

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ իր մոտ է հրավիրել ԱԺ մշտական հանձնաժողովների ՀՀԿ-ական նախագահներին ու փոխնախագահներին եւ հորդորել, որ այսուհետ կառավարության ներկայացրած ցանկացած նախագիծ քննարկվի ոչ միայն հանձնաժողովում, այլեւ խմբակցությունում, ընդ որում, հորդորել է բոլորին՝ լարել ուշադրությունը, հանկարծ մի տեղ մի բան «փուստ» չտան։

 

Միեւնույն ժամանակ ասել է, որ հրապարակային հայտարարություններում պետք է զգուշավոր լինել, քանի «ալիքը» մեծ է, նոր կրքեր չբորբոքել։ Նիստից բացակայել է պետաիրավականի ղեկավար Գեւորգ Կոստանյանը։

Ի դեպ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը քննարկման սկզբում երկար-բարակ խոսել է իր առողջական վիճակի մասին եւ արդարացել, որ շատ վատ է զգացել, այդ պատճառով էլ մայիսի 8-ին չի ներկայացել ԱԺ հատուկ նիստին, երբ վարչապետ էին ընտրում։

Հիշեցնենք՝ նրա սիրտը ստենտավորել են, սակայն Սերժ Սարգսյանը զայրացել է նրա վրա՝ ասելով, որ կարող էիր այդ պրոցեդուրան ավելի ուշ անցնել։ Նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստին նա բավականին կոպիտ է խոսել Շիրակ Թորոսյանի եւ Նաղդալյանի հասցեին։

Նախապես տեղեկանալով ՀՀԿ ղեկավարի տրամադրվածության մասին՝ Նաղդալյանը ԳՄ-ին չի մասնակցել ու որոշել է արդարանալ ֆրակցիայի ղեկավարի մոտ։